Օգոստոսի 1-ից կմեկնարկի ազատ տնտեսական գոտու գործունեությունը
«ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում կստեղծեն ազատ տնտեսական գոտիներ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` հիմք ընդունելով «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը:
ԱՏԳ-ի գործունեությունը կմեկնարկի օգոստոսի 1-ից:
Որոշման նախագծին կից ներկայացվել է նաև «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու Բիզնես ծրագիր, ուր նախատեսված է արտադրա-տնտեսական և գրասենյակային տարածքների վարձակալությամբ տրամադրում 1 քառ.մ.-ը 10 դոլար ամսավճարով:
Նշենք, որ այդ տարածքներում ազատ տնտեսական գործունեություն կծավալեն արտադրական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները: