Գ.Ավագյան. Պետք է լինեն տողեր, որոնք ուղղված կլինեն ծննդատների գույքի գնմանը
«Մենք տեսանք, որ, օրինակ, Արտաշատի հիվանդանոցի կանանց կոնսուլտացիայում առկա էր ինֆորմացիայի պակաս` և՛ ինֆորմացիոն նյութերի պակաս կար, և՛ բնակիչներն էին քիչ ինֆորմացված իրենց իրավունքների, հնարավորությունների մասին: Մենք կաշխատենք այդ բացը շտկել, նաև միջազգային կազմակերպությունների հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը` Արտաշատի, Արարատի, Վայքի և Գորիսի ծննդատներ շրջայցից հետո գնահատելով տեսածն ու իրավիճակը:
Հիշեցնենք՝ շրջայցը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ և նպատակն ուներ տեղում տեսնելու, թե որքանով է Առողջապահության նախարարի հայտնի հրամանը համադրելի ծննդատներում առկա իրավիճակին:
Գայանե Ավագյանը մանրամասնեց, որ իր համար տարօրինակ էր, որ կանանց կոնսուլտացիայի և ծննդատան պատերը գրեթե մերկ էին և չկային պաստառներ, որոնք էլ կտպեն անպայման ու կտրամադրեն հաստատություններին:
Հետաքրքրվեցինք ` մի՞թե ամենամեծ խնդիրը տեղերում դա էր, այլ թերություն ի հայտ չեկա՞վ այցի ժամանակ.
«Արտաշատում բուժօգնությունը մենք չենք գնահատել և չենք նայել, ես չեմ կարող բուժօգնության որակի մասին որևէ բան ասել: Ինչ վերաբերում է պայմաններին, անկեղծ ասած` մահճակալների ու գույքի հին լինելը բուժհաստատության խնդիրը չէ: Իրենց այսօրվա ֆինանսական միջոցներով նման թարմացումներ ապահովելը բավականին բարդ է, այնպես որ պետք է գտնենք միջոցներ, ուղիներ, դիմենք համայնքին կամ միջազգային կազմակերպությունների, որ իրենց այդ հարցով աջակցեն»,- հայտարարեց նա:
Նշենք, որ հիշատակված ծննդատանը` Արտաշատում, շրջայցի մասնակից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, տեսնելով պայմանները, հայտարարեց, որ երբեք թույլ չէր տա, որ նման պայմաններում ծննդաբերեր իր կինը, և խոստացավ խնդիրը բարձրաձայնել նախարարարությանը:
Վերադառնալով հարցին` իսկ կառավարությունը կամ Առողջապահության նախարարությունը չի՞ կարող ինքնուրույն ինչ-որ բանով օգնել, Գ. Ավագյանը նշեց, թե «մենք կփորձենք, որ բյուջեի վերանայում կատարվի, պետք է լինեն տողեր, որոնք ուղղված կլինեն գույքի գնմանը».
«Այսօր ծննդօգնության շրջանակներում նման մեծ միջոցներ չունենք, որ ուղղենք գույքի գնմանը: Մեր միջոցներն ուղղված են աշխատավարձի բարձր ապահովմանը, բուժսարքավորումների և դեղանյութերի ապահովմանը»,- ավելացրեց նա` համաձայնելով, որ Արտաշատում, այո, մահճակալները հին էին և ինտերիերն էլ այն չէր, ինչ, ասենք, Արարատում և Գորիսում, որոնք ընդամենը երկու-երեք տարի առաջ հիմնովին վերանորոգվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ.
«Բայց դա բուժօգնության բուն ատրիբուտը չէ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հրամանի համադրությանը՝ ծննդատների հագեցվածությանն ու համապատասխանությանը, ԱՆ վարչության պետը ասաց, որ նախարարության հիմնական խնդիրը բոլոր հղիների համար որակյալ ծառայություններ տրամադրելը և եթե տաս-քսան հղի իրեն կարող է թույլ տալ գնալ Երևանում ծննդաբերել, դա այդ հղիների խնդիրն է.
«Բայց մենք մեր հիմնական ուշադրությունը պետք է սևեռենք տեղում ծննդաբերող կանանց բուժօգնության որակի բարելավմանը, իսկ դրա համար ֆինանսներ են պետք»,- եզրափակեց Գ.Ավագյանը:
Նախորդիվ` Ո՞ր ծննդատանը թույլ չէր տա, որ ծնվեր իր երեխան Թևան Պողոսյանը
Էջմիածնի ծննդատունը 13 մլն պարտք ունի ծնունդների արտահոսքի պատճառով, պայմաններն էլ վատն են. Ո՞վ է մեղավոր (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները