Գ. Դոստուրյան. Եթե նոր հաշվարկով դնեն հաշվեն, հաստատ երկու հարյուրից պակաս չի լինի
«Երթուղային տաքսիների գները հարյուրից կդառնա հարյուր հիսուն դրամ: Դրա հետ մեկտեղ կթանկանան տաքսի ծառայության գները: Լավ, այդ թանկացման հետ մեկտեղ, որն, իհարկե, դժվար կլինի ժողովրդի համար, բայց գոնե սպասարկման որակի բարձրացում կարո՞ղ ենք ակնկալել: Կառավարությունն ի՞նչ գործիքակազմ ունի, որ ստիպի բարձրացնել սպասարկման որակն ու դժգոհությունը մեղմանա»,- այսօր, անդրադառնալով տրանսպորտի գների թանկացման խնդրին, լրագրողների հետ զրույցում հարցրեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:
Երթուղային տաքսիների ոլորտում` որպես հիմնական խնդիր, բանախոսը նշեց երթուղայինների` կանգառից դուրս կայանելը, ավել թվով ուղևոր վերցնելը կամ տեխզննման ու բուժզննման ձևական բնույթը:
«Իսկ տաքսիների ոլորտում դա վերաբերում է անօրինական տաքսիներին, որոնք բավական մեծ թիվ են կազմում` համարյա այնքան, որքան օրինական տաքսիներն են, ինչպես նաև՝ ութժամյա աշխատանքային սահմանափակման հարցը»,- հավելեց Գ. Դոստուրյանը:
Նա առաջարկում էր նաև վարորդների` օրական պլանը վճարելու աշխատաոճը փոխարինել վերջիններիս համար ֆիքսված աշխատավարձ նշանակելով: Իսկ տեխզննման ու բուժզննման խնդիրների կարգավորումը, նրա խոսքով` որևէ հավելյալ ծախս չի պահանջում, պարզապես հարկավոր է վերահսկողության սահմանում, միևնույն ժամանակ նշելով, որ իրենք բազմիցս դիմել են ՀՀ վարչապետին և տրանսպորտի նախարարին, բայց այդ դիմումները մնացել են անպատասխան:
Panorama.am-ի հարցին, թե` ինչո՞ւ է երթուղային տաքսին թանկանալու 50 տոկոսով, եթե գազը թանկացել է 18 տոկոսով, բանախոսը պատասխանեց, որ երթուղային տաքսու վճարի ավելացման մեջ պետք է մտցնել նաև նախկինում տեղի ունեցած թանկացումները.
«Նախկինում տարբեր լծակներով պահեցին գինեը, բայց վերջին 7-8 տարում ավտոպահոստամասերը մոտ երեք անգամ թանկացել են»:
Մեր դիտարկմանը, թե` մինչ այս թանկացումը և՛ վարորդն էր նորմալ եկամուտներ ստանում, և՛ ընկերության սեփականատերը, սակայն խնդիրներ չկային, բանախոսն արձագանքեց. «Չէ, բողոքներ այն ժամանկ էլ կային, բայց դրանք մի կերպ զսպել էին: Պետք է վերցնենք կոնկրետ հաշվարկները, որ նստենք առարկայական խոսենք: Ես չունեմ այդ թվերը, բայց գիտեմ, որ հիմնավորված է»:
«Ես ունեմ հինգ տարի առաջվա թվեր, երբ գազի գինը 132 դրամ էր»,- հավելեց նա, այնուհետև պատասխանելով մեր դիտարկմանը, թե այդ պարագայում ի՞նչ վստահություն` կապված ներկայիս իրադրության հետ, եթե չկան թվային տվյալներ, պատասխանեց. «Հինգ տարի առաջ 132 դրամով պետք է աշխատեին, որ շահութաբեր լիներ: Եթե նոր հաշվարկով դնեն հաշվեն, հաստատ երկու հարյուրց պակաս չի լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները