Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:
«Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», - ասել է վարչապետը: