«Հայինկասացիա»-ի պաշտոնյան` միջադեպի մասին. «Հարևանների վեճը ոնց է լինում, այ ըտենց է եղել»
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի բաժնի պետ Գարիկ Միքայելյանն իր, կնոջ ու որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին մամուլում հայտնված լուրերը ապատեղակատվություն որակեց:
«Շատ սխալ լուրեր են: Ծեծկռտուք չի եղել, եղել է վիճաբանություն: Հարևանների վեճը ոնց է լինում, այ ըտենց, հարվածներ չեն եղել»,- Panorama.am-ին ասաց Միքայելյանը` ավելացնելով, որ ոստիկանությունն էլ վեճի մասին հայտարարություն է ընդունել, «որպեսզի հետո ոստիկանությանը չասեն հարևանները վիճել են, դուք չեք միջամտել»:
Վեճի պատճառը, ըստ մեր զրուցակցի, եղել է այն, որ հարևանները ջուր են բաց թողել, Ալավերդիի տունն էլ, որտեղ նրանք չեն բնակվում, թրջվել է: «Գնացել են, տեսել են հարևանը ջուր է թափել: Էս է ամբողջը»,- ասաց նա:
Նրա խոսքով` ո'չ իր կինը, ո'չ էլ առավել ևս որդին չեն տուժել: «Եթե բացեք կայքերը, կտեսնեք, որ իմ որդին էդքան շուտ տուժվողներից չէ: Հիմա էլ էս պահին երևի արդեն Հայաստանի դրոշի տակ հանդես է գալիս, գիշերը թռել է գնացել»,- ասաց Միքայելյանը:
Նշենք, որ Գարիկ Միքայելյանի որդին Ռուբիկն է, ով զինծառայության ընթացքում մի քանի անգամ սահմանել է արտակորման նոր ռեկորդ: Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ սահմաած ռեկորդի ժամանակ նա 4 ժամ 35 րոպեում կատարել է 7550 արտակորում:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակում էր եղել, ըստ որի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի 6-րդ շենքի մոտ տեղի բնակիչների հետ։ Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե որն է եղել նրանց վեճի առարկան, սակայն տեղեկացել են, որ վիճաբանողները եղել են Միքայելյանի հարևանները, և միջադեպին մասնակցել են նաև տեղի դպրոցի դռնապանը ու մի խումբ այլ մարդիկ։ Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով ծեծի են ենթարկվել «Հայինկասացիա»–ի Երևանի բաժնի պետի կինն ու որդին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ նշելով, որ այժմ հետաքննություն է կատարվում: