Բրուցելոզի դեպքեր՝ Կոտայքի մարզում
ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ` իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`
• հիվանդների օջախներում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ,
• պարզաբանվել են հնարավոր աղբյուր և փոխանցման ուղի հանդիսացող բոլոր գործոնները,
• հիվանդների վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են բակային համայցեր,
• ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,
• բնակչության շրջանում տարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և այլն:
Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ: