Մշակույթի նախարարության կողմից «հսկվող» կիսավեր հուշարձանը մասնակի փլուզվել է
Սյունիքի մարզի Արևիս համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության, պետական սեփականություն հանդիսացող Թանահատի վանքի Սրբ. Ստեփանոս եկեղեցին հուլիսի 14-ին մասնակի փլուզվել է: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Փլուզվել է հարավային մուտքից վերև գտնվող հատվածը` մինչև մուտքի ճակատկալ քարը: Պատճառը` հուլիսին տեղացած հորդառատ անձրևներն են եղել: Սրբ. Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել էր 5-րդ դարում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության կողմից ներառված է եղել առավել վտանգված հուշարձանների ցուցակում:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Panorama.am-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվել էր, թե ինչ «ճակատագիր» է սպասվում 5-րդ դարով թվագրվող կիսավեր վիճակում գտնվող հուշարձանին: Ի պատասխան ասված էր` «Հայաստանի մշակույթի նախարարության 2013 թ. «առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցման ծրագրում» արդեն իսկ ներառված է Սյունիքի մարզի Թանահատի վանքը, իսկ դրա ամրակայման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը կնախատեսվի 2014 թ. պետական բյուջեով»:
Արդյոք կիսավեր հուշարձանը «կպահպանվի» մինչև 2014 թվական, դժվար է ասել:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով:
1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել:
Նախորդող նորություններ` Թանահատի վանքը կործանման եզրին է… «հսկում» է մշակույթի նախարարությունը
«Թանահատի վանքում վերջին տարիներին կամ օրերին ոչ մի քար չի փլուզվել ու չի տեղաշարժվել»
Տեր Վահրամ. Պարագաներ, որ գործարարի անունով եկեղեցի լինի, ինձ հայտնի չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան