Աշոտ Մանուչարյան. Ադրբեջանը կառավարվում է անգլո-ամերիկյան ուժերի և Իսրայելի կողմից
«Մեզ հարմար չէ որևէ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսում. ֆյուլեների կողմից մեզ առաջարկած փաստաթղթերը չեն բխում Հայաստանի շահերից: Եվրոպան կործանվում է և դա պետք է հասկանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացին՝ բանախոսը նշեց, որ այսօր ձևավորված աշխարհաքաղաքական պայմաններում ղարաբաղյան գործընթացում ոչ մի բան չի փոխվելու:
«Ադրբեջան պետություն գոյություն չունի՝ այն կառավարվում է անգլո-ամերիկյան ուժերի և Իսրայելի կողմից: Եթե Ադրբեջանը մի կրակոց արձակի Հայաստանի ուղղությամբ, Ռուսաստանը կմտնի Ադրբեջան, դա բխում է նաև Մոսկվայի շահերից»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի ղարաբաղյան գործընթացում առկա ստատուս-քվոյից և օգտագործի այն հայկական դիրքերը ամրապնդելու համար: