Ադրբեջանի խանութներում բանակի համար նախատեսված ապրանքներ են վաճառում
Ադրբեջանի բանակի համար նախատեսված ապրանքների մի մասը վաճառվում է Բաքվի խանութներում: Ըստ ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի՝ նման ապրանքներ կարելի է գտնել նաև խոշոր սուպերմարկետներում:
«Վաճառքն արգելող մակագրությունը հեռացվում է կամ ապրանքներն ավելի էժան գնով առաջարկվում են արդեն ծանոթ գնորդներին: Զիվորական օրապարիկի բացահայտ վաճառքի ականատես կարելի է լինել փոքր բակային խանութներում», - նշում է կայքը:
Virtualaz.org կայքի խմբագրություն Բաքվի խանութներից մեկից գնված խնձորի ջեմ են ներկայացրել: Ջեմի փաթեթավորման վրա նշված է, որ այն պատկանում է զինվորական օրապարիկի և վաճառքի ենթակա չէ: Նշված է նաև արտադրողի անունը՝ «Azersun Holding»:
«Եվ դա միակ ապրանքը չէ, որ վաճառվում է զինվորական օրապարիկներից: Վաճառվում են նաև զինվորների համար նախատեսված բրինձը, ձուկը, ոսպը, հնդկացորենը, կաթի փոշին և այլն: Սուպերմարկետները թարմ սառեցված ձկան մեկ կիլոգրամը ստանում են 1 մանաթով և վերավաճառում 2-2,5 մանաթով», - կայքին է տեղեկացրել աղբյուրը:
Աղբյուրը նաև ենթադրում է, որ Բաքվի խանութներում վաճառվող զինվորական օրապարիկներն իրականում նախատեսված են Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական վարժարանի և Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի ուսանողների համար:
Haqqin.az-ը հիշեցնում է, որ նմանատիպ դեպքեր գրանցվել են նաև մի քանի տարի առաջ: Բաքվի խանութներում հայտնաբերվել էին էստոնական ծագման պահածոներ, որոնք նախատեսված էին ադրբեջանական բանակի համար: