Վ. Խաչատրյան. Եթե իսկապես մրցակցային հարաբերություններ լինեին, ապա ուղեվարձի թանկացումն այդ չափով չէր լինի
Տնտեսագետ, Երևանի ավագանու նախկին թեկնածու Վահագն Խաչատրյանի համար անսապասելի էր քաղաքային տրանսպորտի 50-100 տոկոսով թանկացումը:
«Ինձ համար անսպասելի էր թանկացման այդ աստիճանը: Կարելի էր 100 դրամը դարձնել 120, 130, բայց մեր մոտ տրանսպորտի թանկացումները լինում են 50 տոկոսից ոչ պակաս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վահագան Խաչատրյանը` անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը միկրոավտոբուսների ու ավտոբուսների դեպքում սահմանվել է 150 դրամ, տրոլեյբուսի դեպքում` 100 դրամ` համապատասխանաբար նախկին 100 և 50 դրամի փոխարեն:
Խաչատրյանն այս պահին ձեռքի տակ հաշվարկներ ու հիմնավորումներ չունի` հասկանալու, թե փոխադրում իրականացնող ընկերությունների շահութաբերությունը թանկացումից հետո ինչպես է փոփոխվելու կամ որքանո՞վ է հիմնավորված նման թանկացումը: Փոխարենը պատրաստ է ապացուցել, որ գազի գնի բարձրացումը, որին հաջորդեցին թանկացումները, անհիմն էր:
«Դուք նայեք միայն նրանց աշխատավարձերը` թոփ մենեջերների ու աշխատողների քանակը: Ես դա մանարմասն եմ նայել, իրավունք ունեմ ասել, անիմաստ, ոչ արդյունավետ ծախսեր են»,- գնահատեց Խաչատրյանը:
Նա պատկերացնում է, թե ինչ հիմնավորումներ է ներկայացնելու քաղաքապետարանը` նոր մեքենաներ պետք է ձեռք բերենք, անվանդողերը փոխենք, տեխնիկական սպասարկումը, վարորդների աշխատավարձը…
«Եթե վարորդների աշխատավարձը բարձրանա, էլի մի քիչ վերապահում կունենամ, կասեմ 10-15 տոկոս գնացել է վարորդների աշխատավարձի բարձրացմանը: Բայց ես ինչքան հարցնում եմ, վարորդների աշխատավարձը չի բարձրանալու»,- ասաց տնտեսագետը:
Վ. Խաչատրյանի կարծիքով, եթե հասարակական տրանսպորտի ոլորտում իսկապես մրցակցային հարաբերություններ լինեին, ապա թանկացումն այդ չափով չէր լինի:
«Բայց քանի որ մեր մոտ որևիցե մեկը չի մտածում, որ կարելի է ծառայության որակը բարելավել, ծախսերը քչացնել… ինքը գիտի, որ մի չնովնիկ կա, որի հետ գնալու է պայմանավորվի, քանի որ էդ մարդիկ էլ /ի նկատի ունի գծի տերերը-թղթ./ իշխանավորներ են, պետությանը մոտ կանգնած մարդիկ են, կորոշեն իրար հետ ատկատներով կամ ուրիշ բանով ու վերջ: Էդ ո՞վ է մտածում, որ ծառայության որակ բարձրացնի, էլի նույն ջարդված, փշրված միկրոավտոբուսներն ենք նստելու, էլի նույն վիճակով են մարդիկ երթևեկելու` մեջքները, վիզները ծռած, ուղղակի 100 դրամի փոխարեն 150 են տալու»,-ասաց նա:
Այս պայմաններում անդրադառնալով սոցիալական բունտի հնարավորության վերաբերյալ հարցին, Խաչատրյանը նկատեց, որ մարդիկ անտարբեր են, թքած ունեն ամեն ինչի վրա, բացի այդ, ըստ նրա, մարտի մեկ տեսած մարդկանց աչքը վախեցած է:
«Բայց դե գնում են Մոսկվա էլ, ընկնում են էն խեղճ վարորդի օրը: Երկու կրակի արանքում են, չի կարելի: Քաղաքացուն պետք է միշտ այլընտրանք հուշել, որպեսզի իր երկրում ապրելու ցանկություն ունենա»,-ասաց Վ. Խաչատյանը:
Տնտեսագետի կանխատեսումներով, այլ ոլորտներում թանկացումները շարունակվելու են` տարածվելով ներմուծվող ապրանքների վրա` կարագի, շաքարավազի…
«Հասկանո՞ւմ եք, տնտեսագիտական տրամադրության մեջ, եթե մրցակցություն չկա, որևիցե ձևով տրամաբանել, երևույթները բացատրել, հասկանալ, իմաստ չունի: Ես վատ կանխատեսումներ եմ անում, բայց չեմ կարող չասել, այն, ինչ իրականում պետք է լինի, ճշմարտությունը պետք է իմանաք»:
Նախորդող հրապարակումներ` Վահագն Խաչատրյան. Գազասպառողների թիվը կնվազի 35-40 տոկոսով
Վ. Խաչատրյան. Այսօր «Գազպրոմը» չի կարողանում մրցակցել աշխարհում
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է