«Իրազեկ և պաշտպանված սպառող». Անգամ քաղաքապետարանի ուռճացրած թվերի պարագայում ուղեվարձը չի գերազանցում 100 դրամը
Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ: Նման հայտարարություն է տարածել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն:
«Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա:
Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195 այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղևոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը)»,-ասված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն կոչ է անում պատկան մարմիններին, քաղաքական և հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի և ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում:
Քաղաքապետարանի հիմնավորումներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում