Լեյկոզով տառապող հիվանդներին չի տրամադրվում «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը. ի՞նչ է մտածում Առողջապահության նախարարությունը
Արդեն մի քանի ամիս է` թարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդները Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից չեն կարողանում ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը, որը նրանց տրամադրվում է անվճար` պետպատվերի շրջանակներում: Այս մասին Panorama.am-ին ահազանգեց թարթիչաբջջային լեյկոզով տառապող մի քաղաքացի:
Չորս տարի լեյկոզով տառապող կինը` մեզ հետ զրույցում պատմեց, որ բժիշկները իրեն և իր նման հինգ տասնյակից ավելի հիվանդներին առաջարկում են դեղը գնել դեղատներից, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է այն անվճար տրամադրել ՀՀ քաղաքացիներին: «Իրականում Հայաստանում նման հիվանդների թիվն այդքան էլ մեծ չէ, սակայն մեզ համար կենսական նշանակություն ունեցող դեղորայքը, որը պետք է տրամադրվի անվճար, հիմնականում ստիպված գնում ենք դեղատներից»,- ասաց նա:
Նրա խոսքերով` դիմել է առողջապահության նախարարություն, որտեղից պատճառաբանել են, թե դեղ ներկրողի հետ դեռևս պայմանագիր կնքված չէ, ինչի պատճառով չեն կարող տվյալ դեղը տրամադրել Արյունաբանական կենտրոնին: «Որոշ ժամանակ բողոքելուց հետո, այս տարվա մարտին ստացա 4 սրվակ դեղ, մինչդեռ ինձ ամսական հարկավոր է 8 սրվակ: Այսինքն` հունվարից մինչև օրս ինձ տրամադրել են ընդամենը 4 սրվակ «Ռոֆերոն-Ա»,- նշեց նա:
Հիվանդ կինը խոստովանեց, որ հիվանդության օրվանից սկսած երբեք էլ ժամանակին տվյալ դեղամիջոցն իրեն չի տրամադրվել: «Հիվանդության սկզբից գոնե դեղը տրամադրվում էր երկու կամ երեք ամիսը մեկ, իսկ մնացը ես էի գնում, բայց հիմա դրա հնարավորությունը չունեմ: Եթե 3-4 տարի առաջ «Ռոֆերոն»-ի մեկ սրվակը արժեր 13000 դրամ, հիմա այն արժե 26 հազար: Բայց ես չունեմ միջոցներ, իմ աշխատավարձով հազիվ ընտանիքս եմ կարողանում պահել»,- վրդովված նկատեց նա:
Այսպիսով, թարթիչաբջջային լեյկոզով տառապող մեկ հիվանդը ամսական պետք է վճարի 208 հազար դրամ, որպեսզի կարողանա կյանքը որոշ ժամանակով երկարացնել:
Այս հարցով դիմեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարությանը. խոստացան, որ խնդրի վերաբերյալ կներկայացնեն իրենց պարզաբանումը:
Նշենք, որ այս հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում, 10 հազար հիվանդից միայն 1-ի մոտ է ախտորոշվում HCL-ը (Hairy Cell Leukemia ): Տղամարդիկ 4-5 անգամ ավելի շատ են հակված թարթիչաբջջային լեյկոզին, քան կանայք: Հիվանդությունը ժառանգական չէ, թեև եղել են դեպքեր, երբ այն նաև ժառանգաբար է փոխանցվել: