Փորձագետ. Վստահության ամրապնդման միջոցները հակասում են Ադրբեջանի շահերին
Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի փորձագետները համատեղ մշակված մի փաստաթուղթ են տարածել, որը նաև փոխանցվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Փորձագետների խումբը կարծում է, որ այս փուլում, հակամարտության կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քայլեր (շփման գծում մշտական իրականացվող մոնիթորինգ, հակամարտող կողմերի պաշտոնական դեմքերի հայտարարությունների և ելույթների, ԶԼՄ-ում տեղ գտած նյութերի մոնիթորինգ և այլն):
Իսկապես, տարաշրջանում լարվածությունը թուլացնելու և կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար վերոնշյալ առաջարկների իրականացումը բավականին արդյունավետ կլիներ, այս առումով պետք է խոստովանել, որ փորձագետները լուրջ և անհրաժեշտ աշխատանք են իրականացրել: Իսկ թե ինչպես կարձագանքեն այս փաստաթղթին կողմերը, արդեն իսկ կարելի է կռահել:
Կա երկու պատճառ՝ եզրակացնելու, որ եթե նույնիսկ միջնորդները հավանություն տան նախաձեռնությանը և ներկայացնեն կողմերին, ադրբեջանական կողմը կա՛մ միանգամից կմերժի այն, կա՛մ լավագույն դեպքում, առաջարկների նախագծում կներկայացնի այնպիսի փոփոխությունները, որոնք ամբողջովին կփոխեն նախաձեռնության էությունը:
Ինչո՞ւ են սպասելիքներն այսքան հոռետեսական. Առաջին, միջնորդները շուրջ 2-3 տարի է՝ կողմերին են ներկայացրել միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Այս առաջարկները, ինչպես նաև՝ փորձագետների կողմից ներկայացվածը, մեկ հիմնական նպատակ ունեն` ստեղծել այնպիսի իրավիճակ, մթնոլորտ, որը հնարավորություն կտա լիցքաթափել շփման գծում առկա լարվածությունը, զերծ մնալ երկուստեք կորուստներից, ինչպես նաև` հնարավորություն կտա կողմերին բանակցություններում առաջ շարժվել:
Ընդ որում` այս երկու առաջարկությունների փաստաթղթերի ոչ միայն նպատակն է նույնը, այլ նաև որոշ կետեր համընկնում են: Սակայն Ադրբեջանը մերժելով միջնորդների առաջարկների առաջին փաստաթուղթը (Հայաստանն այդ առաջարկինին դրական էր արտահայտվել), ամենայն հավանականությամբ կմերժի նաև սա` նույն պատճառներով:
Լավագույն դեպքում, Ադրբեջանը՝ որպես կառուցողական կողմ ներկայանալու համար, համաձայնություն կտա, սակայն փաստաթղթի առնչությամբ կներկայացնի նոր առաջարկություններ (ինչպես Կազանում), ինչը ոչ միայն կխեղաթյուրի փաստաթղթի էությունը, այլև առհասարակ նախաձեռնությունը կձախողի: Որպես հետևանք՝ կունենանք այն, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ կհամոզվի, որ բանակցություններում առաջ շարժվելու միակ խոչընդոտն Ադրբեջանն է:
Երկրորդ, շփման գծում մշտական մոնիտորինգի, պաշտոնական դեմքերի ելույթների և հայտարարությունների մոնիթորինգի իրականացումը բացահայտորեն հակասում է Ադրբեջանի պաշտոնական քարոզչական քաղաքականությանը: Քանզի ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական «հենասյուներից մեկը» ռազմատենչ հռետորաբանությունն է, ինչպես նաև` շփման գծում իրականացվող սադրանքներին քարոզչական նրբերանքներ տալը:
Նման պարագայում, Ադրբեջանը կա՛մ պետք է վերանայի իր քարոզչական քաղաքականությունը, կա՛մ որ ավելի հավանական է` տարբեր պատճառաբանությամբ մերժի փաստաթուղթը: