Վախթանգ Կիկաբիձեն կվերադառնա Ռուսաստան, եթե...
Վրացի հայտնի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատրաստ է վերադառնալ Ռուսաստան, եթե նրա ներկայությունը «ինչ-որ բան կփոխի» Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում: Այս մասին «Ռիա Նովոստի» կայքին տված հարցազրույցում ասել է արվեստագետը, ում 75-ամյակը լրանում է այսօր:
Հիշեցնենք, որ նա դադարել է ելույթ ունենալ ՌԴ-ում 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո:
«Եթե իմ ներկայությունը ինչ-որ բան կարողանար փոխել, ես հենց այսօր կմեկնեի... Ուղղակի երգող մարդը պետք է հաճույք պատճառի, իսկ ես չեմ կարողանում խաբել: Եթե ես գնամ՝ կերգեմ և ետ կնայեմ, ստացվում է, որ ես խաբում եմ: Ինձ համար դա տհաճ է: Իսկ երբ ինչ-որ բան ինձ հաճելի չէ, հաճելի չէ նաև ունկնդրին»,- ասել է նա:
Վ. Կիկաբիձեն նաև ասել է, որ կարոտում է ռուս հանդիսատեսին: «Ես գիտեմ, որ ինձ Ռուսաստանում սիրում են: Բայց խոսքը ժողովրդի մասին չէ, այլ քաղաքականության»,- նշել է երգիչը՝ հավելելով, որ երկու երկրների միջև պատնեշն «առաջացել է արհեստականորեն»: