Ա. Ավագյան. Մեր մշակութային արժեքները պետք է տեսանելի դարձնել
Հայաստանի ազգային պատկերասրահ, Հ.Թումանյանի թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց, Մատենադարան, Ս. Փարաջանովի տուն-թանգարան: Այս թանգարաններն են ամենահաճախն այցելում ինչպես հայաստանցիները, այնպես էլ զբոսաշրջիկները: Սա է վկայում Ազգային պատկերասրահի կողմից պարբերաբար անցկացվող հարցումը:
Հետազոտությունների արդյունքներն ասուլիսում ներկայացրեց ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը:
Նա նշեց, որ զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են Մատենադարան և Գառնի:
Ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանում կա մոտ 120 թանգարան, որոնց մեծ մասը տեղակայված են Երևանում: «Հայաստանը մշակութային տուրիզմի երկիր է, մեզ մոտ մշակութային զբոսաշրջությունն է զարգացած»,- ասաց Ա. Ավագյանը:
Ընդհանրապես, ըստ նրա, հայկական մշակույթը ներկայացնելու առումով ճիշտ քաղաքականության չի վարվում. պետք է տպագրել բուկլետներ` ներկայացնելով թանգարանները, մշակույթի բոլոր ոլորտները, ու բաժանել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում` անվճար: «Մեր մշակութային արժեքները, թանգարանները պետք է տեսանելի դարձնել»,- ընդգծեց Ա. Ավագյանը:
Նրա խոսքով՝ այսօր այդ ուղղությամբ քայլեր տարվում են: