«5 օրում մենք կտեսնենք համարյա թե ողջ Հայաստանը՝ հյուսիսից հարավ»
«Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության (ՎՀՀ ՊՄ) շուրջ 50 մասնակից հուլիսի 20-ին ուղևորվել է Հայաստան, որտեղ անցկացվելու է «Պատանեկան Միության» հնգօրյա ճամբար. տեղեկացնում է «Վրաստանի Հայ Համայնք» կայքը:
Ճամբարի ընթացքում ծրագրված են բազմաթիվ ժամանցային և կրթական միջոցառումներ: Երեխաները 5 օրվա ընթացքում կայցելեն Հայաստանի Հանրապետության կարևորագույն պատմա-մշակութային վայրեր (Գառնի, Գեղարդ, Էջմիածնի Մայր տաճար և թանգարան, Տաթևի վանք, Սարդարապատ, Սևանի լիճ և այլն): Ճամբարը մեծ նշանակություն ունի, հատկապես նրա համար, որ նրա մասնակից երեխաներն առաջին անգամ կհայտնվեն իրենց պատմական հայրենքում:
«Խոսքերով չեմ կարող փոխանցել ուրախությունս: Առաջին անգամն է, որ լինելու եմ Հայաստանում: Շատ եմ լսել Հայաստանի մասին, գրքեր եմ կարդացել, ֆիլմեր դիտել... Համայնքում Հայաստանի մասին երգեր էինք սովորում... Իսկ այժմ մի քանի ժամից ես կտեսնեմ այն վայրը, որի մասին երգում էի ու երազում: Կտեսնեմ Արարատը.. Շատ ուրախ եմ», - «Միության» հետ զրույցում ասել է «Պատանեկան միության» անդամ Ալլան:
Իր ուրախությունը չի թաքցնում նաև Միության անդամ Գևորգը. «Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, բայց ուրիշ է երբ ծնողներիդ հետ ես գնում և այլ, երբ հասակակիցներիդ՝ ընկերներիդ հետ: «Պատանեկան Միությունում» ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ: Եթե Համայնք չգայի, այսքան լավ ընկեր չէի ունենա: Այստեղ հայտնաբերեցի, որ ես ողջ հայ ազգի մի մասնիկն եմ: Երբ մեզ ծանոթացրեցին ճամբարի ծրագրի հետ`ինձանից երջանիկ մարդ երևի չկար այդ վայրկյանին: 5 օրում մենք կտեսնենք համարյա թե ողջ Հայաստանը՝ հյուսիսից հարավ: Վստահ եմ, որ անմոռանալի ժամանակ ենք անցկացնելու»:
Մանրամասները` այստեղ: