«Չե՛նք վճարելու հավելյալ 50 դրամ». «Հերիք է մեզ էշի տեղ դնեք». Ուղևորների դժգոհությունն ու քննարկումը երթուղայինում
Այսօրվանից հասարակական տրանսպորտի` միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձի գինը թանկացավ, ինչը առաջացրել է հասարակության դժգոհությունը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» նախաձեռնության անդամները վաղ առավոտից սկսած կանգառներում և երթուղայիներում թռուցիկներ են տարածում` իրազեկելով, թե մարդիկ ինչո՞ւ պետք է 100 դրամ վճարեն:
Թռուցիկներում, մասնավորապես, գրված է.
«ՉԵ՛ՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 50 ԴՐԱՄ
Հայաստանցի, քեզ խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100% թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետեւանքն է։ Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100%՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթեւանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետեւեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը եւ հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը եւ օրենքով թույլատրված ձեւերով, որոնցից է նաեւ գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը:
Բազմացրո՛ւ այս տեքստը, ընկերներիդ հետ միասին բաժանի՛ր հանրային տրանսպորտում, փակցրո՛ւ շենքերի մուտքերում և երթևեկելիս շարունակի՛ր վճարել 100 դրամ»:
Նշենք, որ երթուղայիններում գրեթե բոլորը քննարկում էին ուղեվարձի բարձրացման հարցը: 39 համարի երթուղայինում ականատես եղանք հետևյալ պատկերին.
Բոլորը վրդովված խոսում էին, երիտասարդների արձագանքը ավելի բուռն էր: Երիտասարդ մի աղջիկ ասաց, որ ինքը չի վճարելու ու իրեն չի էլ հետաքրքրում, թե վարորդները «հետևից ինչ կխոսեն»:
«Էս վարորդներն էլ են մեղք, բայց մեկ ա չենք վճարելու, թող իրենք էլ բողոքեն, գործադուլ անեն, որ էս իշխանությունները հասականան, որ մարդկանց հերքի ա էշի տեղ դնեն»,- զայրացած ասում էր մի տղամարդ, ով վճարեց 100 դրամ և վարորդին դիմելով` ասաց. «Ախպեր ջան, էս քո դեմ չի, դու էլ իմ նման օրվա հացով ապրող մարդ ես, դու փոքր մարդ ես, որ որոշում կայացնես»:
Մի կին էլ նկատեց, որ իր հաշվարկներով տրանսպորտից օգտվելու համար ամիսը 6 հազար դրամ ավելի պետք է վճարի: «Մենակ թանկացնելու մասին են մտածում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում` աշխատավարձերը բարձրացնեն, հետո նոր թանկացնեն: Էս ի՞նչ են մեր հետ անում, զոռով ասում են` էս երկրից թողեք գնացեք: Բայց չեմ գնալու, դուք գնացեք ու թողեք հանգիստ ապրենք էլի»,- վրդովված ասաց նա:
Նշենք, որ ուղևորների գրեթե կեսը վճարեցին 100 դրամ, վարորդն այլևս ոչինչ չէր ասում, սուսուփուս վերցնում էր 100 դրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան