Հայաստանյան ՀԿ-ները շարունակում են «պայքարել»… ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը տեղափոխվում է Ստամբուլ
Երկու տասնյակից ավելի հայկական հասարակական կազմակերպություններ կրկին նամակով (երրորդ) դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` հիշեցնելով իրենց մտահոգությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Թուրքիա ` Ստամբուլ, նախատեսված տեղափոխման կապակցությամբ: Այս մասին ասուլիսում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ այդ կառույցը Թուրքիա տեղափոխելու համար՝ թուրքական իշխանությունը «միլիարդներ է վճարել»: Կ. Դանիլյանը մանրամասն ներկայացրեց, թե իրենց մտահոգությունները բարձրաձայնելու ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցնելու համար՝ ինչ քայլեր են արել, ում հետ են հանդիպել, ինչ խոստումներ են ստացել, որ «ճանապարհներ կգտնեն»:
«Մինչ օրս ոչ մի ճանապարհ էլ չեն գտել: Միայն հայտնում են, որ ոչ թե Եվրոպական կառույցն են տեղափոխում, այլ Բրատիսլավայում փակում են գրասենյակը ու Ստամբուլում տեխնիկական աջակցության կենտրոն են բացում: Դրանից ոչինչ չի փոխվում, միայն անվանումն է փոխվել»,- մտահոգված խնդիրը ներկայացրեց Կ. Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրված է արդեն հունվարին բացել գրասենյակը Ստամբուլում:
Կ. Դանիելյանն ասաց՝ «որքան մեզ հայտնի է», հայաստանյան իշխանությունները նույնպես դժգոհություններ են հայտնել` բանավոր, որ չեն աշխատի Ստամբուլի հետ: «Թերագնահատվում է այդ խնդիրը Հայաստանում,- ընդգծեց բանախոսը, ապա հավելեց,- այն պահն է, որ արդեն պետական մակարդակով պետք է քայլեր ձեռնարկել: Կենտրոնի տեղափոխումը Ստամբուլ դժվարացնելու է Հայաստանի գործունեությանը միջազգային ասպարեզում: Թուրքիան պատահական չէ հսկայական գումարներ ծախսում. հավակնում է դառնալ համաշխարհային քաղաքականության կենտրոն, նրանց ազդեցությունը ամբողջ աշխարհի քաղաքականության վրա, կաճի»:
Հայաստանյան ՀԿ-ների նամակում ասված է. «Մենք հստակ համոզված ենք, որ հայկական պատվիրակությունը չի կարող աշխատել Թուրքիայում տեղաբաշխված ՄԱԿ-ի կառույցների հետ, ուր հայերը մեծամասամբ ընկալվում են որպես թշնամի, իսկ հայկական պատմական և մշակութային ժառանգությունը հետևողականորեն ոչնչացվում է: Թուրքիան երբեք չի կարող ապահովել ՄԱԿ-ի աշխատակազմի և հայկական պատվիրակների անվտանգության այն մակարդակը, որը իրականացվում է Բրատիսլավայում և կարող է իրականացվել տարածաշրջանի որևէ այլ երկրում»:
Կ. Դանիելյանն ասաց, որ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ռեզիդենտ-ներկայացուցիչ Բ. Բուզետտոն արձագանքել է իրենց նամակին` նախ շնորհակալություն հայտնելով, որ նամակի մի տարբերակ ուղարկվել է նաև իրենց, ապա նշել, որ անպայման կհետևի զարգացումներին ու տեղյակ կպահի իրենց:
«Եթե մեր նամակին միանար Հայաստանի արտգործնախարարությունը, շահագրգռվածություն հայտներ, խորապես վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհները կարող էին արձագանքել, խնդիրը կքննարկվեր»,- դիտարկում արեց ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլաննա Ասլանյանի կարծիքով էլ Հայաստանի կառավարությունը իր խոսքը պետք է անպայման ասի:
Նախորդող նորոթյուններ` Կ. Դանիելյան. Հույս կա, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ չի տեղափոխվի
Դանիելյան. Պայքարում ենք ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլ` հանուն ՄԱԿ-ի կանոնադրության
Քննարկում. Ընտրելով Ստամբուլը` ՄԱԿ-ը դավաճանում է իր սկզբունքներին