Մինչ մշակույթի նախարարությունը սպասում է, ճակատագրի հեգնանքով «Հավերժության ժապավենը» ոչնչանում է
Մշակույթի նախարարությունը սպասում է, թե երբ պետք է Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը «վնասած անձը» փոխհատուցի՝ որպեսզի կոտրված մասերը վերականգնեն: Այսպիսին է մշակույթի նախարարությանը պատասխանը Panorama.am-ի հարցին, թե՝ «նախարարությունը որևէ քայլ նախաձեռնե՞լ է նախարարությունն արձանը պահպանելու կամ վերականգնելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ը փոխանցել էր բլոգերներից մեկի ահազանգը, որ «Հավերժության ժապավենը» պղնձաձույլ արձանից գրեթե բան չի մնացել:
Ի դեպ նշենք, որ նախարարության պատասխանում «Հավերժության ժապավենը» արձանի անունը ներկայացված է «Ճանապարհ». «Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհ» պղնձաձույլ արձանը գունավոր մետաղներ հավաքող անձանց կողմից պարբերաբար ենթարկվել է կողոպտման /կողոպտվել է պղնձաձույլ թիթեղների մի մասը/: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ահազանգի հիման վրա 2007 թ. ոստիկանությունը կազմակերպել է շուրջկալ և համապատասխան գործողությունների արդյունքում ձերբակալվել է երեք անձ, իսկ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Ելնելով այն հանգամանքից, որ կողոպուտի դեպքերը հետագայում շարունակվել են, ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը 2011 թ. հուլիսի 9-ի N0-41 և 2012 թ. ապրիլի 10-ի N 1-18 գրություններով դիմել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Չարենցավանի բաժինը 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 83-02/1464 գրությամբ մեզ տեղեկացրել է, որ ուժեղացվել է հուշարձանի շրջակայքում գիշերային հսկողությունը:
Քանի որ կատարված հանցագործություններն ոստիկանության կողմից բացահայտվել են և կան ձերբակալվածներ, ապա քրեական գործի ավարտին՝ «հուշարձանը վնասած անձի կողմից փոխհատուցելու վերաբերյալ» օրենքի պահանջի կատարումից հետո հնարավոր կլինի իրականացնել հուշարձանի կողոպտված մասերի վերականգնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան