Ռուսաստանում դատապարտել են համածառայողներին նվաստացրած ադրբեջանցի զորացրվող զինածառայողներին
Ռուսաստանում Եկատերինբուրգի կայազորի զինվորական դատարանը ադրբեջանցի շարքային պահեստայիններ Թեյմուր Մամեդովի և Էլբրուս Մուսաևի գործով վճիռ է կայացրել: Մամեդովը և Մուսաևը իրենց համածառայողների մեջքերին պատկերել էին «Դաղստան» և «Ադրբեջան» բառերը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաստատված է, որ 2012թ. օգոստոսին Թեյմուր Մամեդովը և Էլբրուս Մուսաևը, ցանկանալով ընդգծել Կովկասցիների հանդեպ ունեցած իրենց համածառայողների հնազանդությունը, արթնացրել են մի շարք զինծառայողների, շարքից դուրս են բերել կոչմամբ և ծառայողական դիրքով իրենց հավասար 16 զինծառայողի, և լոգանքի համար նախատեսված փրփուրով վերջինների մեջքերին պատկերել են «Դաղստան», «Ադրբեջան», «Գյանջա», «Քուբա» բառերը և այդ ամենը նկարահանել են հեռախոսով», - նշված է հայտարարության մեջ:
Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1 մասով (ատելության կամ թշնամության բորբոքում, մարդու արժանապատվության ստորացում): Թեյմուր Մամեդովը դատապարտվել է նաև 335 հոդվածի 1 մասով (հավասարազոր զինծառայողների միջև կանոնների խախտում ենթակայության բացակայության դեպքում):
Մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը և ներողություն են հայտնել տուժածներին: Դատարանը որոշում է կայացրել տուգանել մեղավորներին համապատասխանաբար 102 և 100 հազար ռուբլիի չափով: