Քաշքշուկ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց. Պատռվել է սարկավագի վերնաշապիկը (Լուսանկարներ)
Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց այսօր` ի պաշտպանություն Արարատյան թեմի «Արարատ» երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ակցիան սկսել է միջադեպով: Քաշքշուկի ընթացքում պատռվել է Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագի վերնաշապիկը:
Ակցիայի ավարտին հոգևոր հայրերն առաջարկեցին միության անդամներին միասին աղոթել:
Տեր Հակոբին վերադարձնելու՝ միության անդամների խնդրանքին Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը երեկ նրանց հետ հանդիպմանը պատասխանել է, եթե մինչև հիմա նրանք տեր Հակոբի գլխավորությամբ միայն «Արարատ» միության աշխատանքներով են զբաղվել, ապա հիմա իրենց աշխատանքի ծավալը միայն մեծանում է, քանի որ տեր հայրն այժմ ավելի շատ ժամանակ կունենա ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքները կազմակերպելու համար: Այդ աշխատանքների համար Սուրբ Երրորդություն եկեղեցում պայմաններն անհամեմատ ավելի լավն են, աշխատանքային սրահն՝ ավելի մեծ, քան «Արարատ» միության այժմյան սենյակներն են:
«Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի և այլևս «Արարատ» հոգևոր միության ղեկավարը չէ, քանի որ այդ միությունը պատկանում է Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքին և ենթակա է այդ համայնքի ծխական խորհրդին: Տեր Հակոբը իր գործունեությունը շարունակելու է՝ համակարգելով ամբողջ թեմի երիտասարդաց միություների աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը»,- ասել է Կճոյանը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Տեր Հակոբի տեղափոխումը հաջորդել է «Չէինք սպասում» հաղորդման շրջանակում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի այն հայտարարությանը, թե Տեր Հակոբը հազար Կճոյան արժե:
Լուսանկարները կարելի է դիտել՝ այստեղ: