Agence France-Presse. Լեռնային Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է
Ստեփանակերտում ճանապարհորդող 23-ամյա ֆրանսիացի դեղագործ Ջորդան Նաումը տեղյակ է Լեռնային Ղարաբաղի արյունալի անցյալից, իսկ հիմա բավականին զարմացած է. «Տեղի ժողովուրդը շատ բարեհամբյուր ու հյուրասեր է, իսկ տեղանքը՝ շատ անվտանգ: Այստեղ տարբեր երկներից ժամանած զբոսաշրջիկներ կան, և ես ինձ որևէ կերպ վտանգված չեմ զգում»:
«Դիպուկահարների կրակոցներ, ականապատ տարածքներ, դատարկված քաղաքներ. Լեռնային Ղարաբաղն առաջին հայացքից հեռու է կատարյալ արձակուրդային վայր կոչվելուց: Այնուամենայնիվ, այստեղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է»- գրում է Agency France Presse լրատվական գործակալությունը: Ավելին, զբոսաշրջիկներն իրենց համար նոր Ղարաբաղ են բացահայտում՝ զերծ որևէ տեսակի պատերազմական մթնոլորտից:
France-Presse-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղը դեռ պատերազմի և խաղաղության միջև է: Չնայած 1994թ. կնքված չափազանց զգայուն հրադադարի, արդեն երկու տասնամյակ է ինչ վերջնական խաղաղություն հաստատելու փորձերը ձախողվում են: Միևնույն ժամանակ, հակամարտության կողմերը, մասնավորապես նավթով հարուստ Ադրբեջանը, շարունակում են համալրել իրենց ռազմական տեխնիկան:
Այդ ամենի հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները տուրիզմի զարգացման համար արտերկրում ներդրումներ են կատարում, որոնք, իրենց իսկ խոսքերով, հետագայում արդարացվում են: Ըստ տեղական իշխանությունների՝ վերջին տարիներին այցելուների թիվն աճել է 40%-ով. 2012թ. Լեռնային Ղարաբաղն ընդունել է 15,500 օտարերկրյա զբոսաշրջիկ՝ չհաշված Հայաստանի հսկայական սփյուռքը:
«Անկախ Ադրբեջանի հետ ունեցած մեր թեժ հակամարտությունից, մենք Ղարաբաղն ավտանգ, հաճելի ու հետաքրքիր վայր ենք դարձրել զբոսաշրջիկների համար: Եթե ստացվի պահպանել այս ցուցանիշը, հինգ տարի անց զբոսաշրջությունը մեր բյուջեի ամենաշահութաբեր ճյուղը կլինի», - ասում է Լեռնային Ղարաբաղի Զբոսաշրջության բաժնի ղեկավար Սերգեյ Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Ղարաբաղում երբևէ ոչ մի զբոսաշրջիկ չի վիրավորվել:
Ժամանակին պատերազմի դաշտ հանդիսացող Ստեփանակերտում, որը գտնվում է սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, այժմ կարելի է տեսնել խաղաղ պուրակներ, որտեղ զինված հակամարտության նշան անգամ չկա: Հետզհետե նոր հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցվում. ընդհանուր առմամբ, շինարարությունը զարգանում է:
Լեռնային Ղարաբաղն ունի և՛ բնական, և՛ մշակութային հարստություն: Քարքարոտ լեռներ և խիտ անտառապատ բլուրներ: Մշակութային ժառանգության մի մասը, ցավոք, ոչնչացվել է պատերազմի ընթացքում, սակայն դրանց մնացորդները դեռ վկայում են Լեռնային Ղարաբաղի հարուստ պատմության մասին:
Տուրիստական գործակալություններից հայտնում են, որ կան նաև էքստրիմ զբոսաշրջության երկրպագուներ, ովքեր ցանկանում են առաջին ճակատ գնալ: Գործակալությունները ստիպված են լինում բացատրել, որ ականապատ տարածքների պատճառով նման ցանկությունները կարող են շատ վտանգավոր լինել:
Լեռային Ղարաբաղի ապագան դեռ անորոշ է, մինչդեռ Լեհաստանից ժամանած 59-ամյա Անդրեյ Հոյնովսկիի պես զբոսաշրջիկները պնդում են, որ իրենց ընկերներին ևս խորհուրդ են տալու Լեռնային Ղարաբաղ այցելել: Նա կարծում է, որ մեծ ուշադրությունը կարող է նույնիսկ օգնել հակամարտության լուծմանը:
«Նրանք պետք է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծեն, սակայն դա չի նշանակում, որ զբոսաշրջությունը չպետք է զարգացնել», - ժպտալով հավելեց Հոյնովսկին միջնադարյան Գանձասարի վանքի մոտ լուսանկարվելիս: