Արտավազդ Սահակյան. «Աղջկա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ տեսավ, որ ոտքը տեղում է»
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր տարածել, որի համաձայն` Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ shamshyan.com-ի` վթարի հետևանքով երկաթե արգելապատնեշը մտել է ավտոմեքենայի մեջ և կտրել Լիլիթ Աբրահամյանի ոտքը: Աբրահամյանը տեղափոխվել է թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը վիրահատել է աղջկան, որի արդյունքում կարողացել է վերապատվաստել աղջկա ոտքը:
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Սահակյանը հայտնեց, որ աղջկա վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Ընդհանուր առմամբ` գոհ եմ վիրահատության արդյունքից, իսկ աղջկա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ տեսավ, որ ոտքը տեղում է»,- ասաց վիրաբույժը:
Նրա խոսքերով` նման վիրահատությունից հետո աղջկա առողջական վիճակը համարվում է նորմալ: Ըստ Ա.Սահակյանի` վիրահատությունից հետո աղջիկը դեռ երկար բուժում պետք է անցնի, իսկ լիարժեք կկարողանա քայլել միայն մեկ տարի հետո:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` դեռևս չբացահայտված հանգամանքներում հուլիսի 21-ին Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը և Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը և Լ. Աբրահամյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները