Տարոն Մարգարյան. «Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը»
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի ;րատվական ծառայությունից:
«Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն նաև գիշերային ժամերին, որպեսզի հատկապես բանուկ փողոցներում խցանումներ չգոյանան և բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել նույն սկզբունքը կիրառել նաև «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ԱրմենՏել» ընկերությունների ողմից վթարների վերացման հետևանքով ասֆալտբետոնե ծածկի քանդման և վերականգնման աշխատանքների դեպքում:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների մասով արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մեկ ամսվա ընթացքում գույքագրվել և ապամոնտաժվել է օրենքին չհամապատասխանող ավելի քան 3 հազար գովազդային վահանակ: Ամենօրյա աշխատանքներ են տարվում դրանց հետագա կիրառումը բացառելու նպատակով: Զեկուցվել է նաև, որ «Գովազդի մասին» օրենքով ապամոնտաժման ենթակա չեն միայն օտարալեզու այն գովազդները, որոնք հանդիսանում են մտավոր սեփականության ինստիտուտով հաստատված կամ միջազգայնորեն գրացված ապրանքանշաններ:
Ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու և վարորդների համար կայանման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով ներդրված նոր համակարգի հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ և վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր ընթացակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակել ևս մեկ ամիս, հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատերը գտնվում են արձակուրդում և, հնարավոր է, տեղեկացված չլինեն գործընթացի մասին:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:
«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել և ապահովել կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունների հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը:
Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կատարվել են ստուգայցեր և իրականացվել համապատասխան աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու մշտական հսկողության տակ պահել վիճակը:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում աշակերտներին դասագրքերի բաժանման գործընթացին անդրադառնալով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել աշխատանքները` դպրոցներում գրքերի կամ գրենական պիտույքների հնարավոր վաճառքի կազմակերպման դեպքերը բացառելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները