Ա.Բախշյան. «Սպասում եմ, որ մի օր ասվի` սիրուն չի, Տարոն, վերանայի»
«Թե քաղաքացիական հասարակությունը, թե «Ժառանգությունը» ` մասնավորապես «Բարև Երևան» դաշինքը անչափ վճռական են տրամադրված անելու բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի քաղաքապետարանը անվավեր ճանաչի իր որոշումը», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցին ի պատասխան, թե ի՞նչ ավարտ է կանխատեսում տրանսպորտի թանկացմանը հետևած ակցիաներին:
Նա նշեց, որ մինչև հիմա սևով սպիտակի վրա գրված որոշում չունեն այն մասին, որ տրանսպորտը թանկացել է, իսկ ավտոբուսների և երթուղային տաքսիների վրա թանկացման մասին վկայող «150»-ը առանց կնիքի է կամ էլ ստորագրության.
«Ինչ-որ թղթեր են կպցրած` 150 դրամ, բայց դա որտեղից է գալիս, ինչ փաստաթղթի հիման վրա ոչինչ չգիտենք և այդ փաստաթուղթն էլ չունենք: Այդ բոլորը պահանջել ենք և դիմելու ենք դատարան այդ որոշումը անվավեր ճանաչելու համար»,- նշեց նա:
Ա.Բախշյանը տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համատեղ նախաձեռնել են ստորագրահավաք, քանի որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն համաձայն է այդ թանկացումների դեմ պայքարի գաղափարի հետ, որպեսզի հարցի քննարկմանը նվիրված ավագանու արտահերթ նիստ գումարվի.
«Քաղաքացիական շարժումը, որն ասում է ոչ 150 դրամին, պետք է որ արդյունք տա: Եվ ես սպասում եմ, որ մի օր գործող նախագահը Տարոն Մարգարյանին ասելու է` «Սիրուն չի, Տարոն, վերանայի»: Ես տեսնում եմ դա կամ շատ ուզում, որ այդպես լինի»,- ասաց խմբակցության ղեկավարն ու հիշեցրեց, որ ՀՀ նախագահից սկսած, քաղաքապետով վերջացրած բոլորը խոստանում էին, որ թանկացում չի լինելու, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստում հնչեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերն են բարձրանալու.
«Մի դրամ չբարձրացրեցին, միայն նվազագույն աշխատավարձն է բարձրացել ու դրան զուգահեռ ահռելի ծավալի թանկացումներ են անում: Բա դրանք մա՞րդ են»,- վրդովվեց մեր զրուցակիցը:
Շարունակելով իշխանությունների խոստումների ու արդարացումների թեման, Ա.Բախշյանը մատնանշեց. «Իշխանությունները արդարանում են նրանով, որ տարածաշրջանում ամենացածր տրանսպորտի գինը Հայաստանում է, բայց մոռանում են, որ Հայաստանում նաև ամենացածր աշխատավարձերն են: Եվ որևէ քայլ չանելով բարձրացնելու աշխատավարձերը, պարանը քցել են ժողովրդի պարանոցին ու դանդաղ-դանդաղ խեղդում են: Իմ համար ուղղակի անհասկանալի է իշխանությունների անմարդկային այս գործողությունները, իսկապես…»,- հավելեց նա:
Նախորդիվ`
«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները