ՄԻՊ-ը վերադարձավ Մոսկվայից. Ժամանակն է, որ կենտրոնանանք արդար դատաքննության վրա
Հրաչյա Հարությունյանի շահերը պատրաստ է պաշտպանել Մոսկվայի ամենահայտնի փաստաբաններից մեկը` Ռուբեն Մարգարյանը.
«Ռ.Մարգարյանը համաձայնվել է ստանձել Հ.Հարությունյանի շահերի պաշտպանությունը, որով նրա փաստաբանների թիմն ավելի կուռ կդառնա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով այսօր վերադարձել է Մոսկվայից: Նա նաև հիշեցրեց, որ մինչ այս պահը Հ.Հարությունյանի գործում ներգրավված էր երեք փաստաբան:
Ինչ վերաբերում է Հ.Հարությունյանի առողջական վիճակին, ապա պաշտպանը նշեց, որ մեր հայրենակիցը շատ դանդաղ է ապաքինվում, սակայն երբ Կ.Անդրեասյանը ընտանիքի անդամներից ողջույններ է նրան փոխանցել` մի պահ ժպիտ է նկատել Հ.Հարությունյանի դեմքին:
Անդրադառնալով խալաթով Հ.Հարությունյանին դատարանի դահլիճ տանելու փաստին, ՄԻՊ-ը հայտնեց, որ այդ հարցը իր կողմից բարձրաձայնվել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ և խոստացվել է, որ այս հարցի առնչությամբ իրականացվելիք քննությունից հետո պաշտոնապես պատասխան կտրվի.
«Ժամանակն է, որ մենք կենտրոնանանք արդար դատաքննության վրա»,-հավելեց Կ.Անդրեասյանը:
Հիշեցնենք, վերջինս Մոսկվա էր մեկնել հուլիսի 21-ին:
Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:Վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը բախվել է ավտոբուսին, որը բաժանվել է մասերի: 18 մարդ է զոհվել, ավելի քանը 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: