Քննարկվել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրի մշակման հարցը
Հուլիսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Սլավոնական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանը, Աշոտ Մարկոսյանը, Սամվել Ավետիսյանը, Արզիկ Սուվարյանը, երիտասարդ գիտնականներ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Զրույցի թեման Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրի մշակման հարցն էր, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ Կառավարության և Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի միջև: Այդ կապակցությամբ երկուստեք կարևորվեց ծրագրի նախատեսումների օրենսդրական կարգավորման և հիմնավորման անհրաժեշտությունը։
Պատվիրակության անդամ-գիտնականները իրենց նկատառումները ներկայացրեցին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների մասին և ունկնդրեցին ԱԺ նախագահի տեսակետները՝ այդ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում: