Ադրբեջանցի զինվորը կաշառքի գումար չունենալու հետևանքով հաշմանդամ է դարձել
Ադրբեջանական բանակի զինծառայող Միկաիլ Մուշվիգ օգլու Գուլիևը, ով Սաբիրաբադի շրջանից զինվորական ծառայության էր զորակոչվել ընթացիկ տարվա ապրիլի 2-ին, կարող է կորցնել ոտքը, որովհետև չի կարողացել կաշառք տալ. հայտնում է «Pia.az» կայքը:
Զորակոչի ժամանակ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը Գուլիևի մոտ ծնկի հետ կապված խնդիր է հայտնաբերել և վերջինիս ուղարկել է Վնասվածքաբանության ինստիտուտ՝ հետազոտվելու: Այնտեղ, սակայն, զորակոչիկից 300 մաննաթ են պահանջել՝ (մոտ 300 եվրո) զինվորական ծառայության անպիտանելիության տեղեկանք տրամադրելու համար:
Ծնողները չեն կարողացել գտնել պահանջվող գումարը, և զորակոչիկին ձևակերպել են՝ որպես «պիտանի»: Ծառայության ընթացքում զինվորի առողջական վիճակը գնալով վատթարացել է: Այս պահին Գուլիևը չի կարողանում առանց հենակների տեղաշարժվել և կարող է կորցնել ոտքը:
«Հատկանշական է, որ ծառայության համար անպիտանելի Գուլիևին զորակոչեցին այն ժամանակ, երբ բանակում մահացած զինվորների մայրերը և քաղաքացիական ակտիվիստները Բաքվում բողոքի ակցիա էին կազմակերպել», - գրում է կայքը: Նշվում է նաև, որ զինվորին նման պայմաններում ծառայության ուղարկած զինկոմիսարիատի փոխնախագահ Յաշմար Իբրահիմովի պաշտոնը մեկ շաբաթ առաջ բարձրացվել է: