Ադրբեջանի հանդեպ ՄԱԿ-ի քննադատությանը միացել են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ԵԽԽՎ-ն
ՄԱԿ-ին անդամակցող երկրների կեսից ավելին՝ 80 պետության պատվիրուկություններ, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 170 առաջարկություն է ներկայացրել Ադրբեջանին: Այդ առաջարկությունները ներկայացվել են «Համընդհանուր պարբերական ակնարկ. իրադրությունը Ադրբեջանում և հետագա քայլերը» համաժողովի շրջանակներում:
Համաժոողովը կազմակերպվել է տեղական ՀԿ-ների կողմից, մասնակցել են մասնավորապես Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը, Իրավական կրթության հասարակությունը, «Մարդու իրավունքների տուն» նորվեգական ֆոնդը, ԱՄՆ ժողովրդավարության աջակցման ազգային ֆոնդը և այլն: Համաժողովը տեղի ունեցավ հուլիսի 17-ին, հայտնում է «Кавказский Узел»-ը:
Համընդհանուր պարբերական ակնարկը ենթադրում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին տեղեկատվության հավաքագրում: Այս տարի համաժողովի հիմնական նպատակն էր քննարկել հասարակական քարոզարշավը, որն ուղղված է երկրորդ Համընդհանուր պարբերական ակնարկի (Ժնև, 30 ապրիլ, 2013) արդյունքում նախագծված առաջարկների կատարմանը:
«Մարդու իրավունքների ակումբ» ՀԿ-ի նախագահ Ռասուլ Ջաֆարովը տեղեկացրել է, որ նախագծված առաջարկությունները վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ոլորտներին: Մասնավորապես պահանջվում է լուծել քաղբանտարկյալների խնդիրը, թույլատրել Բաքվի կենտրոնում անցկացվող հանրահավաքները, ապահովել արդար ընտրություններ, խոսքի ազատություն և այլն:
«Իրավական կրթության հասարակություն» ՀԿ-ի նախագահ Ինտիգ Ալիևը կարծում է՝ ժամանակին դեռ հույս կար, որ Ադրբեջանի իշխանությունները կգնան բարեփոխումների, սակայն այժմ «արդար ընտրությունները, անկախ դատարանը և մեդիան, հավաքների ազատությունը, ուժեղ քաղաքացիական հասարակությունը կբերեն այս իշխանության ավարտին»:
Ալիևը հավելել է. «Իշխանությունները վախենում են քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող երիտասարդներից. նրանք կրթված են, լեզուներ գիտեն և ոչինչ չունեն կորցնելու», իսկ միջազգային կազմակերպություններն իրենց հերթին անտեսում են քաղաքացիական հասարակության ոչնչացումը: Օրինակ, Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը քաղաքացիական ծրագրերին աջակցելու համար հատուկ պայման ունի՝ «կառավարության հետ կառուցողական համագործակցություն», իսկ ընտրությունների, դատական համակարգի և խոսքի ազատության մոնիտորինգի վերջին զեկույցներն, ըստ Ալիևի, թերի են:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի վերջին հայտարարությունը արդար ընտրությունների իր հույսի մասին ևս արժանացել Ալիևի քննադատությանը. «Ինչպե՞ս կարող են ընտրություններն արդար լինել, եթե նախընտրական շրջանում երկրում չկա հավաքների ազատություն, մամուլի ազատությունը սահմանափակված է, իսկ քաղաքական ակտիվիստները հալածվում են»:
Քաղաքացիական հասարակության, անկախ ՀԿ-ների և ԶԼՄ-ների պակասի պատճառով նվազել է նաև քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ովքեր չունեն գրասենյակներ, իսկ նրանց ակտիվիստները ցրված են բանտերում:
Ի դեպ, Ադրբեջանում քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալումները համատարած բնույթ են կրում: Ձերբակալված ակտիվիստներից են «Ազատ երիտասարդություն» շարժման ղեկավար Ուլվի Հասանլին, շարժման ներկայացուցիչ Մեջիդ Մարջանլին և NIDA շարժման անդամ Քանանա Հասիմլին: Երիտասարդներին մեղադրվում են հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Իրական պատճառը Բաքվում նախորդ շաբաթ տեղի ունեցած ակցիան է, որի ընթացքում «Դու ես իշխանության աղբյուրը», «Մի վախեցիր իշխանությունը», «Փոխիր իշխանությունը» և նման այլ կոչերով պաստառներ են փակցվել բնակարանների դռներին:
Նախ Հասանլիին տեղեկացրել են, որ իրեն բերման են ենթարկել մետրոյի կայարանում պաստառներ փակցնելու պատճառով: Երբ Հասանալիի փաստաբանը պահանջել է, որպեսզի մեղադրանքն ապացուցող տեսագրություններ ներկայացվեն, մեղադրող կողմ պատասխանել էր, որ հենց այդ կայարանը, ցավոք, չի տեսագրվում:
Հալածման են ենթարկվում ոչ միայն ակտիվիստները, այլ նաև լրագրողները: Խադիջա Իսմայիլովային, ով մասնակցել էր անօրինական ցույցի, նախ տուգանել էին, այնուհետև հասարակական աշխատանք էին նշանակել՝ մաքրել Բաքվի փողոցները: Իսմայիլովան աշխատանքը վերածել էր նոր բողոքի ակցիայի՝ «Ավլում ենք հանուն ժողովրդավարության» նշանաբանով: Նոր բողոքի ակցիայից խուսափելու համար Իսմայիլովային մեկ այլ աշխատանք էին հանձնարարել՝ մաքրել վերականգնողական կենտրոնի հատակը: Լրագրողը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ այդ կենտրոնը փակ է հասարակության համար, սադրանքի դեպքում ականատեսներ չեն լինի և, վերջապես, նա չի ցանկանում արժանանալ Ջամիլ Գաջիևի բախտին, ում դաժան ծեծի էին ենթարկել հասարակական աշխատանքը կատարելիս:
Սադրանքի միջոցով ձերբակալվել է նաև ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության անդամ Յադիգարոմ Սադիխլին: Թեյարանում անծանոթի կողմից պրովոկացիայի ենթարկվելուց հետո, Սադիխլիին մեղադրել էին խուլիգանութան, Ղարաբաղի պատերազմի մասնակցին վիրավորելու և ծեծելու մեջ: Ակտիվիստը դատապարտվել էր 2 ամիս ազատազրկման:
Համաժողովին մասնակցել է նաև հավաքների ազատության և միավորման գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաինա Կիայը, ով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել իր անձնագրի և վիզայի ուշացման պատճառով: Կիայը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների պետական գրանցում տալ «Մարդու իրավունքների տուն» նորվեգական ֆոնդի Ադրբեջանի գրասենյակին (գրանցումից զրկվել էր 2011թ. մարտին):
Նորվեգական ֆոնդի ղեկավար Ֆլորիան Իրմինգերն իր հերթին մատնանշել է Ադրբեջանի խնդիրների հանդեպ միջազգային ուշադրության աճը: 2009թ. համաժողովին ԱՄՆ-ն խուսափեց հավաքների ազատության արգելքը մեկնաբանել, ավելին, համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Այսօր Վաշինգտոնը միանշանակ դատապարտել է Բաքվի կենտրոնում հավաքների արգելքը: Մեծ Բրիտանիան և ԵԽԽՎ-ն նույնպես միացել են քննադատությանը:
Այս տարի առաջարկությունների թիվը երկու անգամ գերազանցում է 2009թ. համաժողովի արդյունքներին: Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմին Հուսեյնովը նշել է. «Աշխարհի երկրների կեսն առաջարկություններ են ներկայացրել, և դա պետք է լուրջ ազդանշան լինի Ադրբեջանի կառավարության համար: Սեպտեմբերին Ադրբեջանը պետք է այս առաջարկությունների վերաբերյալ պատասխան ներկայացնի ՄԱԿ-ի Հանձնաժողով . . . Մենք ամեն օր պահանջելու ենք մարդու իրավունքների պաշտպանության իրականացումը»:
Ի դեպ, Ադրբեջանի կառավարությունը ևս հրավիրված էր համաժողովին, սակայն այդպես էլ որևէ մեկը չի ներկայացել: