Թուրք հոդվածագիր. «Թուրքիայում ամեն մի վատ բանի հետևում հային տեսնելու հոգեբանություն կա»
«Ermenihaber.am»(Էրմենիհաբեր) լրատվական կայքը ներկայացրել է թուրք հոդվածագիր Մահսում Գյունեշ Քանի հոդվածը, որում վերջինս գրում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ամեն մի վատ բանի հետևում հային տեսնելու հոգեբանություն կա:
«Հայի գործ է, այս դեպքի մեջ հայերի մատը խառը կլինի» սակայն ոչ ոք չի մտածում, թե այս երկրում հայ թողել ե՞նք արդյոք: Ինչպե՞ս կարող են հայերը, որոնք չկան, այդքան խնդիր ստեղծել»,-գրում է Քանը:
Անդրադառնալով Ստամբուլի Գեզի զբոսայգու դեպքերը նույնպես հայերին վերագրելու փորձերին, արտահայտություններին`հոդվածագիրը հետաքրքիր դեպք է պատմում 2 թուրք աղջիկների երկխոսությունից.
«Անցած օրը ավտոբուսում 2 ուսանողուհու խոսակցությունը ակամա լսեցի: Հայերի մասին շատ կոպիտ դաժան արտահայտություններ էին անում: Չկարողացա դիմանալ և միջամտեցի:
-Ձեր կյանքում որևէ հայի հանդիպե՞լ եք:
-Ոչ,- ասացին:
-Հայկական մշակույթին ծանո՞թ եք:
-Ո´չ:
- Երբևէ հայկական կերակուր կերե՞լ եք: Հայերի սովորույթները, ավանդույթները գիտե՞ք: Հայերի հետ երբևէ նստե՞լ, խոսե՞լ եք: Գոնե մեկ հայի հետ ծանոթացե՞լ եք:
-Ո´չ:
-Ինչո՞ւ ծանոթանամ որ: Նրանք ո´չ թուրք են, ո´չ էլ մուսուլման:
Թուրք հոդվածագիրը ափսոսանք է հայտնում նման վերաբերմունքի համար` նշելով, որ հենց դա է ամենամեծ խնդիրը:
«Ինչ ցավալի է, որ մարդկանց մասին, ովքեր թուրք կամ մուսուլման չեն, նման անմարդկային արտահայտություններ ենք անում: Սակայն ոչ ոք հայերի մաշկույթը և թուրքական մշակույթում հայերի ունեցած դերի մասին ոչինչ չգիտի: Օրինակ` Հակոբ Մարդայանին քանի՞ թուրք է ճանաչում: Թուրքերենի բնագավառում կատարած աշխատանքների շնորհիվ Աթաթուրքի կողմից Դիլաչար (լեզու բացող-խմբ.) ազգանունն է ստացել: Հակոբ Մարդայանը միևնույն ժամանակ եղել է Թուրքիայի լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը: Հայերի քրիստոնյա լինելը այսպես կոչված մուսուլմանների համար շահավետ է: Ինչևէ, անհավատին սպանելը բարի գործ է համարվում` կյանքը կառնես, ունեցվածքին էլ ձեռք կգցես»,- գրում է Քանը` հիշեցնելով, որ ժամանակին Մուհամեդ մարգարեն երկրի սահմաններում բնակվող բոլոր կռապաշտներին, քրիստոնյաներին, հրեաներին մուսուլմանների հետ հավասար իրավունքներ է ընձեռել: