Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ընդդիմության առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը կձերբակալվի Ադրբեջան վերադառնալուն պես
Սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, կձերբակալվի վերադառալուն պես, հայտնում է «Haqqin.az» ադրբեջանական կայքը՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած «Օլայլար» գործակալությանը:
Ըստ ստացված տեղեկատվության՝ Հարկային նախարարությունը իր ղեկավարության տակ գտնվող Սցենարիստների միությունում ստուգումներ է իրականացրել և հարկերից խուսափելու և միջոցների իրացման դեպքեր է հայտնաբերել:
Հարուցված քրեական գործով նախնական հետաքննությունն արդեն ավարտվել է, և նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն:
«Սպասվում է, որ մոտակա օրերին Գլխավոր դատախազությունը Ռուստամ Իբրահիմբեկովի նկատմամբ քրեական գործ կհարուցի: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջան վերադառնալու դեպքում Ռուստամ Իբրահիմբեկովը կձերբակալվի», - նշում է կայքը:
Գլխավոր Դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ այդ մասին տեղեկատվությունը հետաքննության գաղտնիք է և դեռ ենթակա չէ հրապարակման:
«Haqqin.az»-ը նշում է, որ Հարկային նախարարության պնդմամբ՝ Սցենարիստների միությունը պետական բյուջե չի վճարել 12.373 մանաթի (ավելի քան 12 հազար եվրո) չափով հարկ: «Դա հայտնաբերվել է ելքային ստուգման ընթացքում, որը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին և ներառում է 01.06.2009-ից մինչև 01.01.2012 ժամանակահատվածը», - ասվում է հարկային նախարարության հաղորդագրությունում:
Նախնական հետաքննության բաժնի՝ նոյեմբերի 27-ի ստուգման արդյունքում 213.1 հոդվածով (խուսափում հարկերի վճարումից) քրեական գործ է հարուցվել:
«Բաժնի քննչական վարչության նախնական հետաքննությունից ելնելով՝ սահմանվել է, որ Սցենարիստների միությունը «Արևելք-Արևմուտք» 9-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպման համար Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից ստացած 330,000 մանաթից (330,000 եվրո) 267,130.00-ը կանխիկ տեսքով իրացվել է պատասխանատու անձանց կողմից», - նշվում է Հարկային նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար: Հիշեցնենք նաև, որ նախագահական մեկ այլ պոտենցիալ թեկնածու՝ «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն այժմ բանտում է: Մամեդովը ձերբակալվել էր հունվարի 23-24 Իսմաիլլիում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, մինչդեռ նա Իսմայիլինսկու շրջան է այցելել անկարգություններից հետո, և նրան չէին թողել մտնել շրջկենտրոն: «Human Righs Watch»-ը և «Amnesty International»-ը Մամեդովին համարում են քաղբանտարկյալ: