Ն.Զոհրաբյան. Վարորդները դեմ են թանկացումներին, որովհետև սրանից շահելու են միայն գծատերերը
«Երկիրը կանգնած է սոցիալական գերլարված իրավիճակի առջև»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին իրադարձությունները` նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի` այս վիճակում, երբ պաշտոնական վիճակագրությունն ինքն է փաստում, որ գնաճը շատ ավելին է, քան աշխատավարձի բարձրացումը, երբ աղքատությունն օր օրի ավելանում է, այս պայմաններում լրացուցիչ բեռ ժողովրդի ուսերին դնելն ուղղակի անթույլատրելի է: «Նրանք, ովքեր մտածում են սեփական գերշահույթի մասին` ոտնահարելով ժողովրդի իրավունքը, պետք է սթափվեն, իսկ իրենց խորհրդատուներն էլ գոնե պետք է բացատրած լինեին, որ սա բերելու է լրջագույն լարվածության և խնդիրների»:
«Ավելին` սեպտեմբերից, երբ կսկսվի ուստարին և ուսանողներն ու դպրոցականները ակտիվորեն կօգտվեն քաղաքային տրանսպորտից, դրա զուգահեռ ուսման վարձրեն էլ կատաստրոֆիկ կթանկանան, ես կարծում եմ, այդ ժամանակ գերլարվածությունը զսպել ուղղակի հնարավոր չի լինի: Սա «Բարգավաճ Հայաստանին» բոլորովին չի ուրախացնում, մենք ասում ենք` լրջագույն օպերատիվ քայլեր են պետք խնդիրը կարգավորելու համար»,- նշեց նա:
Նաև անդրադարձավ այն արդարացումներին, թե ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններն իրենք են դիմել սակագինը բարձրացնելու համար.
«Այս առումով ես մեկ հստակ բան կարող եմ ասել. մենք հանդիպել ու քննարկել ենք տասնյակ վարորդների հետ, որոնք ասում են, որ դեմ են թանկացումներին, որովհետև սրանից շահելու են միայն գծատերերը: Եվ երբ այսպես կոչված գծատերերը լացակումած զանգահարում ու հայտարարում էին, որ տարիներ շարունակ իրենք աշխատել են վնասով, ինձ համար անհասկանալի է` ի՞նչ է, իրենք Մարկիզ դը Սադի կողմնակինե՞րն են, որ մախոզիստաբար տարիներ շարունակ աշխատել են վնասով: Ոչ, դա խայտառալ ապատեղեկատվություն է, նրանք բոլորը աշխատել են գերշահույթով, պարզապես հիմա էլ ցանկանում են, որ իրենց գերշահույթը կրկնապատկվի ժողովրդի հաշվին: Սա այլևս հանդուրժել չի կարելի»,- շեշտեց Ն.Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական գործիչը նշեց նաև, որ իրենք միացել են «Բարև Երևան» դաշինքի նախաձեռնությանը Երևանի ացագանու արտահերթ նիստ հրավիրելու: Հույս հայտնեց, որ ՀՀԿ խմբակցությունը չի տորպեդահարի ու չի խոչընդոտի, որպեսզի այդ նիստը հրավիրվի և ըստ այդմ տրամաբանական կլինի, որ քաղաքային իշխանությունը բաց հրապարակային ներկայացնի իրականությունն ու փաստերը, նաև իր հիմնավորումը, քանի որ կառավարությունը բոլորովին այլ բացատրություն է տալիս և ուղեվարձի թանկացումը կապում գազի թանկացման հետ, իսկ Երևանի քաղաքապետարանը` այլ բան ասում.
«Այստեղ արդեն իշխանության թևերի միջև կոնֆլիկտ կա: Բայց գոնե ավագանու երկու խմբակցությունները իմանան, թե ինչ հաշվարկների վրա է տեղի ունեցել սակագնի փոփոխությունը և ըստ այդմ տեսնենք, քննարկենք, թե ինչ մեխանիզմներ կարող են գտնվել սոցիալական այս լարվածությունը մեղմելու համար»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ միանգամայն հասկանում է թե երիտասարդներին, թե մեր համաքաղաքացիներին, որոնք այսօր միասին բողոքի ձայնն են բարձրացնում այս ամենի դեմ.
«Նրանք, ովքեր իրենց հաշվարկները կատարել են նրա վրա, թե ` «ինչ արել ենք, հանդուրժել են, ոչինչ, սա էլ կհանդուրժեն` մի քանի օր կաղմկեն ու կանցնի», իրենց այս հաշվարկներում սխալվում են: Նույնիսկ, եթե հիմա ինչ-որ տարբերակներով լռեցնեն այս շարժումը, մեկ բան հստակ է` Ջինը շշից բաց է թողնված և որևէ մեկին երբևէ չի հաջողվել դա կասեցնել. եկել է ժամանակը, որ հենց իրենք ռեալ մեխանիզմներ գտնեն ժողովրդի հոգսը թեթևացնելու համար»:
Ն.Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նիստ է գումարվել, ի՞նչ հարց է քննարկվել, արդյո՞ք նիստի օրակարգը կապ ունի տրանսպորտի գնի թանկացման հետ.
«Քննարկումը նվիրված էր նվազագույն աշխատավարձին` 45 հազար դրամին և մեկ բան հստակ է` դրա չափը շատ հեռու է սպառողական զամբյուղից: Մենք պատրաստվում ենք նվազագույն աշխատավարձի նոր շեմ սահմանող նախագիծ դնել շրջանառության մեջ: Կարծում ենք այդ շեմը գոնե ինչ-որ չափով մոտ կլինի նվազագույն կենսաապահովման զամբյուղին»,- հավելեց նա: