Իրանագետ. ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են նախանշել վերջնական փուլ մտնելու սկիզբը
Ս.թ. հուլիսի 21-ին ԻԻՀ-ի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում երկրի պետական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը լավատեսական ակնկալիքներ չունի ԱՄՆ-ի հետ միջուկային հիմնախնդրի շուրջ հնարավոր բանակցություններից:
Այդ կապակցությամբ panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
-Ինպե՞ս կարելի է բացատրել գերագույն հոգևոր առաջնորդի հոռետեսական վերաբերմունքն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների հարցում:
-Անձամբ ինքը` գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իր հոռետեսական վերաբերմունքը պատճառաբանել է անցյալի փորձով` նշելով, որ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս նման առաջարկությամբ, սակայն ամերիկացիներին հնարավոր չէ վստահել, նրանք ունակ են անտրամաբանական գործողությունների և անկեղծ չեն իրենց դիրքորոշումներում: Նման հայտարարությամբ գերագույն առաջնորդը վերահաստատել է իր նախկին վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, որն սպասվելիք բանակցություններին ընդառաջ կարող է ծառայել որպես հաղորդագրություն առ այն, որ Իրանը չի պատրաստվում էական զիջումների գնալ միջուկային ծրագրի հիմնահարցում: ԻԻՀ-ի գերագույն հոգևոր առաջնորդի հիշյալ հայտարարությունը, հատկապես ներկա պայմաններում, չի կարող որակվել անսպասելի և անպատեհ, քանի որ այն լիովին արտահայտում է հաջող կազմակերպված նախագահական ընտրություններից հետո համեմատաբար շահեկան դիրքերում հայտնված երկրի դիրքորոշումը:
-Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ գերագույն հոգևոր առաջնորդը ողջունում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գաղափարը որոշակի վերապահումով:
-Չեմ կարծում, որ դա այդպես է: Իրանն ամեն կերպ փորձում է դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից՝ առաջին հերթին պայմանավորված պաշտոնական Թեհրանի դեմ կիրառվող սահմանափակումներով, որի հաղթահարման ճանապարհ է դիտարկվում երկխոսությունը: Հեռու եմ այն կարծիքից, որ այս վիճակը ձեռնտու է Իրանին այն պատճառով, որ վերջինս այսպես, թե այնպես կարողանում է իր սեփական «խաղն» իրականացնել տարածաշրջանում՝ առանց արևմտյան գերտերությունների մասնակցության: ԻԻՀ-ի նպատակն է ներգրավվել առավել մասշտաբային տարածաշրջանային ծրագրերի մեջ, որը հնարավորություն կտա այդ երկրին լիարժեքորեն մասնակցել օրինակ էներգետիկ պաշարների վաճառքի և փոխադրման մրցավազքին: Բայց դա հնարավոր կլինի միայն արևմտյան գործընկերների հետ կայուն և իրավահավասար հարաբերություններ զարգացնելու պարագայում, որին էլ ձգտում է Իրանը: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ գերագույն հոգևոր առաջնորդի հորդորները ոչ թե բանակցությունների նկատմամբ ցուցաբերված վերապահողական դիրքորոշում են արտահայտել, այլ պարզապես միտված են եղել Իրանի պետական պաշտոնյաներին զգոն վիճակում պահելուն: Բացի այդ, առաջիկա հնարավոր բանակցությունների տապալման պարագայում այաթոլլահ Ա. Խամենեիի կողմից նախապես հնչեցված հոռետեսական հայտարարությունները կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ դրանում Միացյալ նահանգներին մեղադրելու համար:
-Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումն ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ:
-Կարծում եմ` ամեն ինչ կախված կլինի կողմերի փոխզիջումների գնալու պատրաստակամության աստիճանից: Այն, որ իրանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր զարգացնելուց, կարծես հերթական անգամ հաստատվում է: Բայց Իրանը կարող է առավել թափանցիկ դարձնել այդ ոլորտում իր ծավալած գործունեությունը միջազգային հանրության համար, որը կարող է բավարարել Միացյալ նահանգներին: Բայց դա առայժմ միայն տեսականորեն է հնարավոր: Իրականում միջուկային ծրագրի շուրջ քննարկումները երկարատև գործընթաց են ենթադրում, բայց ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները կարող են նախանշել այդ երկարատև գործընթացի վերջնական փուլ մտնելու սկիզբը: