«МИР 24»: Ադրբեջանում անչափահասների ինքնասպանություններն ավելի հաճախակի են դարձել -10 օրում ինքնասպանություն է գործել 4 դեռահաս
Ադրբեջանում դեռահասների ինքնասպանություններն ավելի հաճախակի են դարձել, հայտնում է «МИР 24» հեռուստաալիքը: Նշվում է, որ Ադրբեջանում 10 օրվա ընթացքում սա արդեն 4-րդ անչափահասի ինքնասպանությունն է: Ամենաերիտասարդը՝ Ֆաթիմա Մուսաևան, ընդամենը 14 տարեկան էր:
Տեսանյութի համաձայն՝ հոգեբույժները վստահեցնում են, որ ըստ վիճակագրության` Ադրբեջանի բնակչության մեկ տոկոսն այսօր տառապում է դեպրեսիայով և այլ նևրոտիկ խանգարումներով: Այդ մարդկանց թիվը տարեց տարի միայն աճում է:
«Ինքնասպանության պատճառները տարբեր են լինում՝ հասակակիցների հետ կոնֆլիկտներ, կրթության հետ խնդիրներ, ընտանիքում անառողջ մթնոլորտ և այլն: Այնուամենայնիվ, ինքնասպանություն գործածներից մեկի՝ Էլմիրա Մանսուրովայի ծնողները պնդում են, որ իրենց դուստրը նշված խնդիրներից ոչ մեկը չուներ», - ասվում է տեսանյութում:
«Նա ոչինչ չի թողել, նույնիսկ մահախոսական: Մենք մինչև հիմա գլուխ ենք ջարդում հասկանալու համար, թե ինչն է մեր աղջկան նման քայլի դրդել: Ամենավատն այն է, որ մենք այդպես էլ չենք իմանա՝ ինչու նա արեց դա», - ասում է մահացածի հայրը՝ Նադիր Մանսուրովը:
Հոգեբույժ Գերայ Գերաբեյլին կարծում է, որ դրանում մեծ մասամբ ծնողներն են մեղավոր: Բժշկի խոսքերով՝ շատ ծնողներ չեն նկատում իրեն երեխաների պահվածքի փոփոխությունները, քանի որ դեռահասները փակվում և իրենց անհանգստությունները չեն վստահում մեծերին:
«Շատերը կարծում են, որ եթե երեխան կամ դեռահասն ամեն ինչ ունի, եթե նա նոր հեռախոս, նոր համակարգիչ ունի, ապա նա չի կարող ինչ-որ բանի կարիք ունենալ: Սակայն հենց նման իրավիճակներում նրանց շփում և ըմբռնում է պակասում: Չկա մեկը, ում հետ նրանք կկարողանան կիսվել», - բացատրում է Ադրբեջանի գլխավոր հոգեբույժ Գերայ Գերայբեյլին:
Ըստ տեսանյութի հեղինակների՝ պետք է հասկանալ, որ երեխան որոշում է դիմել ինքնասպանության, երբ իրեն իսկապես դժբախտ է համարում: Այդ պատճառով ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց երեխաներին, ավելի մտերիմ լինեն, որպեսզի կարողանան ժամանակին կանխել ողբերգությունը:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում երկրում գրանցվող ինքնասպանությունների վիճակագրությունը: Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2013թ. հունվարից սկսած Ադրբեջանում ինքնասպանության են դիմել նվազագույնը 132 մարդ: Այդ թվում, գրանցվել է նաև մինչև 18 տարեկանների ինքնասպանության 15 դեպք: