Փորձագետ. Անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության ապահովման նոր ռազմավարություն մշակել
Նախօրեին տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել այն հրշեջների ուղղությամբ, ովքեր փորձել են մարել Դովեղ գյուղի խաղողի այգիների հրդեհը: Դրա հետևանքով, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Ընդ որում, այն սահմանամերձ հայկական բնակավայրերը, որոնք մոտ են գտնվում հայ-ադրբեջանական սահմանին, մշտապես գտնվում են Ադրբեջանի առաջապահ ստորաբաժանումների գնդակոծության տակ: Բառացիորեն օրեր առաջ, ադրբեջանական կողմից կրակ էր արձակվել նաև Բաղանիսով անցնող մայրուղու ուղղությամբ, ինչի պատճառով, կարճ ժամանակ օգտագործվում էր ռեզերվային ճանապարհը:
Վերջին ժամանակներս, բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակոցները սկսել են առավել հաճախակի բնույթ կրել: Առկա իրավիճակը սկսում է առավել սուր բնույթ կրել հատկապես Ադրբեջանի կողմից ձեռք բերվող հսկայածավալ սպառազինությունների ֆոնին, մանավանդ, երբ պաշտոնական Բաքուն հետևողականորեն գնում է մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ և խաղաղ բնակչությանը վնաս հասցնող խոշոր տրամաչափի զենքեր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ մի քանի տարի առաջ հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ կողմերին ներկայացնելով վստահության ամրապնդման միջոցների փաստաթուղթը (զինադադարի ամրապնդում, դիպուկահարների առաջնային գծից դուրս բերում, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում), ինչը հավանության էր արժանացել պաշտոնական Երևանի կողմից, սակայն մերժվել Բաքվի կողմից: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է անվտանգության հետ կապված որոշ հարցերում վերանայի իր մոտեցումը՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու սեփական միջոցներով:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման նոր ռազմավարության մշակումը, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ անցանկալի միջադեպերից:
Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան