Ո՞ւր են գործադուլ անող վարորդները կամ` «Եկել ես, Ավան ինչ ես հարցնում» (տեսանյութ)
Մինչ Մաշտոցի պուրակում ակտիվիստները մամուլի ասուլիս էին հրավիրել և հանրությանը տեղեկացնում իրենց հետագա անելիքների մասին, լուր տարածվեց, թե մի շարք երթուղայինների վարորդներ Ավանում գործադուլ են հայտարարել: Մասնավորապես նշվում էր, թե գործադուլ են անում 20 համարի երթուղու վարորդները:
Panorama.am-ը տեղում պարզեց, որ որևէ գործադուլի մասին խոսք չկա. 20 համարի երթուղայինի ընդամենը երկու վարորդ էր նստած դիսպետչերականի մոտ, որոնք էլ խիստ զարմացան, որ լրագրողների մի ամբողջ խումբ հայտնվեց իրենց ուղղված հարցերով: Ամենից շատ զարմացավ դիսպետչերը, ով նույնիսկ փորձ արեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը, ինչը չհաջողվեց. «Գործադուլ չկա, ի՞նչ գործադուլ»,- հայտարարեց վարորդներից մեկը:
Հարցին, թե որքա՞ն են վճարում քաղաքացիները ասաց, որ և 150 դրամ են վճարում, և 100 դրամ, բայց իրենք, հավաստիացրեց, ոչինչ էլ չեն անում, երբ 100 են վճարում. «Ի՞նչ պիտի անենք, մեր քաղաքացիներն են»,- հայտարարեց նա:
Երբ հերթը հասավ գծատեր-վարորդ փոխհարաբերություններին ու մասնավորապես օրական պլանի ավելացմանը, վարորդները սկսեցին համոզել, թե իրենք, նախ, չգիտեն, թե որքան է այդ պլանը, իսկ երկրորդ էլ` ամսվա վերջ են վճարում, ոչ թե ամեն օր: Մեկը նույնիսկ փորձեց արդարացնել` «գուցե գծատերը զապչաստն ա թանկ առնում, ինքը ի՞նչ անի», սակայն Panorama.am-ի հարցին` դա արդարացնո՞ւմ է անհիմն թանկացումը և դա իրեն անձամբ բավարար է, ով երկու ուսանող երեխա ունի, ուղղակի ձայն չհանեց և ոչինչ չասաց, միայն ուսերը թոթվեց:
Հարցին` բայց դուք ճի՞շտ եք համարում տրանսպորտի գնի թանկացումը, մյուս վարորդն արձագանքեց. «Եկել ես Ավան ինչ ես հարցնում....»:
Լրագրողներից ազատվելու համար ուղորդեցին 20 համարի ավտոբուսի «կանեց», հավաստիացնելով, թե նրանք են գործադուլ անում, ոչ թե երթուղայինի վարորդները, սակայն նշված հասցեում ընդամենը մեկ ավտոբուս էր, որի վարորդն էլ տեղեկացրեց, որ գործադուլ է թե ինչ է չգիտի, բայց այսօր գիծ միայն վեց վարորդ է դուրս եկել. «Ես պտի տուն պահեմ, մնայի տանը ի՞նչ... աշխատում եմ էլի»,-հոգնած ձայնով հայտնեց նա:
Իսկ հարցին` ի՞նչ եք կարծում, արդարացված էր թանկացումը, նշեց. «Ես չգիտեմ, թե ինչ եմ կարծում»:
Նրա հետ խոսալու պահին մոտեցավ 20 համարի մեկ այլ ավտոբուս, որի վարորդը ավելի խոսկան էր, բայց և վրդովված.
«Գալիս են, խանգարում են, ավտոբուսի մեջ եսիմ ինչեր են խոսում... մարդ ենք տեղափոխում, չէ, բա որ մի բան լինի՞: Էտ անտեր ավտոբուսը խփենք, հասկացանք` ԱՊՊԱ-ն կանի, բա որ մարդկանց վնասենք, ո՞վ պատասխան կտա: Չի կարելի չէ՞, էտ ձև չի»,- հայտարարեց նա` նկատի ունենալով ակտիվիստների գործունեությունը:
Հարցին` այսինքն այնքան էլ դեմ չէ թանկացմանը, նշեց, թե իր աշխատավարձը կբարձրանա, բայց դե գործադուլ անել չի կարող` տուն է պահում: Հիմա ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ, ըստ ամենայնի կստանա 70-72 հազար դրամ, դրա համար էլ սուս-փուս քշում է:
Նախորդիվ`
Ակցիաները շարունակվելու են մինչ քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը չդարձնի 100 դրամ