«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» տարեկան բուժում է ստանում բրոնխիալ ասթմայով և ալերգիայով տառապող մոտ 200 հիվանդներ
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է Ավանի աղի կոմբինատում տեղակայված «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», որը գործում է 1987 թ-ից և որտեղ տարեկան բուժում են ստանում հիմնականում բրոնխիալ ասթմայով և ալերգիայով տառապող մոտ 200 հիվանդներ: ԱՆ լրատվականի փոխանցմամբ` հիվանդների գրեթե կեսը մինչև 17 տարեկան են։
Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներից բացի այստեղ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն են ստանում նաև սպասարկող պոլիկլինիկայում գրանցված բրոնխիալ ասթմայով հիվանդ մինչև 17 տարեկանները։
Աղի հանքի 235 մետր խորությամբ գտնվող խորշերում ծավալված 60 մահճակալն առավել մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում ամառային արձակուրդների շրջանում։ Հիվանդներից շատերը, զգալով բուժման արդյունավետությունը, տարիներ շարունակ` անգամ 20 և ավելի տարիներ, օգտվում են Անձավաբուժական կենտրոնի ծառայությունից։
Կենտրոնի հնարավորություններին ծանոթանալուց բացի Դ.Դումանյանը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նախագահ Արեգ Ղուկասյանի հետ քննարկել է տարածաշրջանում եզակի անձավաբուժության զարգացման հնարավորությունները։ Արեգ Ղուկասյանը ներկայացրել է, թե կոմբինատն ինչ օժանդակություն է ցուցաբերում Անձավաբուժության կենտրոնի գործունեությանը։ Նախարարն իր հերթին ընդգծել է բուժման այլընտրանքային, արդյունավետ այս մեթոդի հնարավորություններն ընդլայնելու և ժամանակակից պահանջներին հարմարեցնելու կարևորությունը։ Մոտ ապագայում կքննարկվի դրա համար անհրաժեշտ ներդրումներն ապահովելու հարցը։