Հայաստանը և Եվրոպական Միությունը առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել
Այսօր Երևանում ընթացել է Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունների յոթերորդ և վերջին փուլը, որի արդյունքում կողմերը հաջողությամբ ավարտել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Սա հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվելիք Ասոցացման մասին պայմանագրի բաղկացուցիչ մասը, նշված է Եվրամիության պաշտոնական կայքում:
Ապագա պայմանագրի կարևոր էլեմենտների շուրջ վերջնական համաձայնությունների ձեռքբերումը թույլ կտա Հայաստանի և ԵՄ միջև ստեղծել առևտրային հարաբերությունների նոր հիմք։ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը տնտեսական առումով կուժեղացնի Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ՝ ապահովելով հայկական և եվրոպական ապրանքների և ծառայությունների համար ավելի լավ հասանելիություն միմյանց շուկաներ։ Այն Հայաստանին կառաջարկի առևտրային հարաբերությունների արդիականացման և տնտեսական զարգացման նոր հիմք՝ տարբեր առնչվող ոլորտներում օրենքների և կարգավորումների ներդաշնակեցման ճանապարհով։ Այս բարեփոխումները պայմաններ կստեղծեն, որպեսզի Հայաստանն իր տնտեսության կարևոր ճյուղերը հասցնի ԵՄ չափանիշերին՝ բարելավելով երկկողմ առևտրի հնարավորությունները և տնտեսական օգուտները։
Անկախ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա հավելյալ 146մլն եվրո, ինչը կազմում է ՀՆԱ 2.3% աճ։ Ոչ-սակագնային միջոցների վերացումը այս օգուտները քաղելու բանալին է։
Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո կանխատեսվում է Հայաստանից արտահանումների 15.2%, և ներկրումների 8.2% աճ՝ երկարաժամկետ հեռանկարում բարելավելով երկրի առևտտային բալանսը։