Թուրքիայում հայ զինվորին սպանողը դատի է տվել իրեն մարդասպան անվանած լրագրողին
Թուրքական «T24» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում պարտադիր ծառայության մեջ գտնվող հայազգի շարքային զինծառայող Սևակ Բալըքչըին սպանած ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դատի է տվել սպանության մասին հոդված հրապարակած լրագրող Ջևաթ Սինեթին:
Հունիսի 15-ին հրապարակված իր հոդվածում Ջևաթ Սինեթը գրել էր. «Սպանության կասկածյալը նույնիսկ ծխախոտ ծխելիս իրեն հոգեկան հիվանդի պես էր պահում. նորմալ մարդու պես չէր դրսևորում» : Նմանատիպ արտահայտությունների ու հոդվածագրի կողմից ներկայացված սպանության որոշ մանրամասների համար Աղաօղլուի փաստաբանները դատի են տվել վերջինիս` մեղադրելով Աղաօղլուի ինքնասիրությունն ու պատիվ վիրավորելու մեջ:
Ջևաթ Սինեթը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել` մասնավորապես ասելով.
«Քըվանչ Աղաօղլուի փաստաբանները արդեն մի քանի անգամ իմ դեմ հայց են ներկայացնում և ամեն անգամ ժամերով ձերբակալված մնալուց հետո ոստիկանությունը ուժով դատարան է տանում: Ինչու՞մն է իմ մեղքը: Իմ մեղքը հանցագործություն կատարածներին, մարդասպաններին մարդասպան անվանելն է: Դրա համար պահանջում են ինձ 5 տարով զրկել լրագրողական գործունեությունից, և դատական պատասխանատվությանու ֆինանսական տույժի ենթարկել:
Հավելենք նաև, որ համացանցում, ի պաշտպանություն լրագրողի, ստորագրահավաք է սկսվել:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիական զորամասում 2011-ի ապրիլի 24-ին պոլսահայ Սևակ Շահինին հրազենից արձակված կրակոցով սպանել էր ծառայակից Քվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն`սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից: