Թուրք պաշտոնյա. «Արդյո՞ք պատահականություն է, որ հայկական հուշարձանը հյուրանոցի է վերածվում 1915թ դեպքերի 100-ամյակի նախաշեմին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, հայկական պատմական «Սանասարյան տունը» հյուրանոցի վերածելու որոշման վերաբերյալ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին (ԹԱՄԺ) գրավոր հարց է ներկայացրել` պահանջելով, որ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը պատասխանի դրան:
Ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի` Թանրըքլըն, ներկայացրած հարցի մեջ մասնավորապես ասվում է. «Մամուլում կա տեղեկություն, որ Թուրքիայի հայերին պատկանող, սակայն հիմնադրամների վարչության ձեռքում գտնվող պատմական «Սանասարյան տունը» պատրաստվում են 20 տարի ժամկետով վարձակալության տալ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: Պատմական շինությունը վարձակալության հանձնելու վերաբերյալ որևէ որոշում կամ կարգադրություն ստորագրե՞լ եք: Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Սանասարյան տունը» վերածվելու է հյուրանոցի: Ճի՞շտ եք համարում պատմական կառույցը առևտրային նպատակներին ծառայեցնելը:
Հայերի համար հոգևոր նշանակություն ունեցող շինությունը պահանջվում է վերադարձնել Հայոց պատրիարքարանին: Դուք այս պահանջը բավարարելու համար որևէ ջանք գործադրելու՞ եք: Արդյո՞ք պատահականություն է , որ «Սանասարյան տան» վերաբերյալ նման որոշում ընդունվեց 1915թ. իրադարձությունների հարյուրամյակի նախաշեմին»:
Նշենք, որ «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը: Ներկայումս շենքը տրվել է վարձակալության և կան խոսակցություններ, որ այն վերածվելու է հյուրանոցի: