Աշխարհի հայտնիները քննադատում են Էրդողանին
Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ արվեստագետները նամակ են ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Գեզիի դեպքերի առնչությամբ:
Անգլիական «The Times» թերթում հրապարակված նամակը քննադատում է Էրդողանին Թուրքիայի տարբեր քաղաքներում Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և բռնության կիրառման համար:
Նամակում նշվում է, որ Գեզի զբոսայգում և Թուրքիայի այլ քաղաքներում խաղաղ ցույցերի դաժանորեն ճնշման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 8 հազարից ավել մարդ, իսկ 11 հոգի արցունքաբեր գազի պատճառով կորցրել է տեսողությունը:
Նամակը ստորագրողները անդրադարձել են նաև Թուրքիայում բանտարկված լրագրողների հարցին. «Ձեր բանտերում ավելի շատ լրագրող կա, քան Չինաստանի և Իրանի բանտերում միասին վերցրած: Իսկ դուք ցուցարարներին բնութագրում եք որպես ավազակ, գող. անգամ օտարների կողմից ուղղորդվող ահաբեկիչ եք անվանում նրանց»:
Նամակի հեղինակները հիշեցրել են Էրդողանին, որ ԵՄ անդամ դառնալ ձգտող Թուրքիան ընդունել է Եվրոպայի մարդու իրավունքների մասին կոնվենցիան և ճանաչել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի իրավասությունը, այդպիսով 5 անմեղ երիտասարդի մահվան պատճառ դարձած Էրդողանի հրամանները կարող են հիմք դառնալ Ստրասբուրգում դատական գործի հարուցման համար:
Նամակի տակ 30 ստորագրողների շարքում են նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ Սյուզան Սարանդոնը, Շոն Փենը, ինչպես նաև Աթաթուրքի կենսագրության հեղինակ Էնդրյու Մանգոն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում