Ակտիվիստները կառավարության շենքի դիմաց այրեցին «Ոչ 150 դրամին» պաստառը
Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անում «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր իրենց բողոքի ձայնն են արտահայտում ուղեվարձի թանկացման դեմ: Նրանք վանկարկում են «Ոչ 150 դրամին», «100-100» և այլ կարգախոսներ:
Հիշեցնենք, որ նույն այդ պահին կառավարության ներսում ընթանում է հերթական նիստը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, ակտիվիստները բարձրախոսների միջոցով հայտարարում են, որ պայքարելու են մինչև վերջ և հասնելու են իրենց նպատակին ու բոլորին կոչ են անում միանալ այդ պայքարին ու վճարել միայն 100 դրամ և ոչ մի դրամ ավելի: Ակտիվիստները հայտարարում են, որ սա լուրջ սոցիալական խնդիր ու մեծ բեռ է յուրաքանչյուր ընտանիքի համար, մանավանդ, եթե այդ ընտանիքներում կան ուսանողներ, ու չեն պատրաստվում զիջել գծատերերին:
Նշենք նաև, որ նրանց ձեռքին կան նաև «Մեզ մի կթեք», «Մի վճարիր 150, չէ որ չես ուզում», «Ժպտալով վճարիր 100 դրամ» և այլ գրությամբ պաստառներ:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ակտիվիստները կառավարության շենքի դիմաց այրեցին պաստառ, որի վրա գրված էր «150 դրամ», ինչը բուռն ծափողջյուններով ողջունվեց հավաքվածների կողմից: