Հրայր Թովմասյան. «Վստահ եմ, որ Երևանի քաղաքապետը մինչև օրվա վերջ կտա որոշակի լուծումներ, որոնք ճիշտ են լինելու»
«Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետի համար այս որոշումն ընդունելը բավականին բարդ է եղել, ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է»: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքերով, եթե սակագները բարձրացվել են բացառապես այն նպատակով, որպեսզի որոշ մարդիկ հարստանան կամ ավելի շատ հարստանան, ապա կառավարության ցանկացած անդամ դեմ է դրան:
Նա նշեց նաև, որ խնդրին նայում է նաև այլ հարթությունով: Ըստ Հ.Թովմասյանի` Երևանը որպես քաղաք աստիճանաբար զարգանում է, մինչդեռ հասարակական տրանսպորտը դրան համահունչ չի զարգանում: «Մեր տրանսպորտը դեռևս գտնվում է ավելի ցածր մակարդակում, քան քաղաքային տասնյակ այլ ենթակառուցվածքներ: Ասում ենք, որ 100 դրամով շահույթ ստանում են, այո, ստանում են, բայց դա նշանակում է, որ մենք կունենանք միկրոավտոբուսներ, որտեղ մարդիկ իրար գլխի, գրկի են նստելու, արաբաթուրքական ռաբիզ են լսելու»,- ասաց Հ Թովմասյանը:
Բացի այդ, ըստ նախարարի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախակի են վթարները երթուղայինների մասնակցությամբ, քանի որ անվադողերը փոխում են 120 հազ. կմ քշելուց հետո՝ 60 հազարի փոխարեն, կամ գերծանրաբեռնվածության ժամանակ արգելակները չեն դիմանում: «Եթե սակագնի բարձրացման արդյունքում մենք չենք ունենալու երթուղային տաքսիներ, որոնք ժամանակին չեն երթևեկելու, նորից գերբեռնված են երթևեկելու, ապա դժդգոհությունը օբյեկտիվ է և տեղին, բայց եթե ունենալու ենք նոր որակի տրանսպորտ, ապա պետք է նստենք ու քննարկենք դա»,-ասաց նա:
Հ.Թովմասյանի խոսքերով` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընթացող պայքարը «քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաև կառավարության ձեռքբերումն է և սա չի կարող իր արդյունքը չտալ: «Վստահ եմ, որ Երևանի քաղաքապետը մինչև օրվա վերջ կտա որոշակի լուծումներ, որոնք ճիշտ են լինելու: Միգուցե հստակ հաշվարկված չէր, կամ անտեսվել էր այն, որ մենք ունենք սոցիալապես խոցելի խմբեր՝ հաշմանդամներ, ուսանողներ, և միգուցե պետք էր տարբերակված մոտեցումներ ցուցաբերել»,- ընդգծեց նա:
Հ.Թովմասյանը նշեց նաև, որ այս ամբողջ գործընթացի մեջ կան նաև դրական երևույթներ` կարեկցանքը, դիմացինին հասնելը: «Ուզում եմ հավատալ, որ ակցիայի մասնակից դերասանները դերասանություն չեն անում, այլ անում են այն, ինչ իրենց սիրտը թելադրում է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք անօրինական գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտից օգտվելու դիմաց, Հ. Թովմասյանն ասաց. «Ո՛չ, անօրինական չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները