Սիրիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների մասնակցել Ժնև-2 համաժողովին
Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների ԱՄՆ-ի ՌԴ-ի հովանու ներքո մասնակցել Ժնև-2 համաժողովին:
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում ու նրա սահմաններից դուրս ստեղծված իրավիճակը: Բոգդանովը հաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված սիրիական ճգնաժամի միջսիրիական երկխոսության միջոցով շուտափույթ հաղթահարելու և առանց արտաքին միջամտության քաղաքական գործընթաց սկսելու հետ՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
«Հադդադը հաստատել է Սիրիայի կառավարության պատրաստակամությունը առանց նախապայմանների մասնակցել Սիրիայի հարցին նվիրված համաժողովին, որը նախապատրաստում են ԱՄՆ-ն և ՌԴ-ն»,-ասվում է հայտարարության մեջ:
Ի դեպ, նախօրեին Դամասկոս էին ժամանել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունի՝ զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Անջելա Քեյնը և տեսուչների խմբի ղեկավար Օկե Սելստրյոմը: Նրանք երկօրյա բանակցություններ են վարելու Սիրիայի իշխանութունների հետ՝ երկրում քիմիական զենքի կիրառման փաստերը ուսումնասիրելու համար: