Քաղաքապետ. 100 դրամով քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալն անհնար է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման հետ կապված իր մոտեցումները՝ նշելով, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տ.Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում.
«Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է քաղաքապետը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:
Քաղաքապետը հատկանշել է նաև, որ, հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,- ընդգծել է Տ.Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները