Արտակ Բուդաղյանը իր պատասխանատվությունը պատվով է կրելու. ԼՂՀ պաշտպանության նախարար
Արտակ Բուդաղյանը մինչ այսօր մեր բանակի հպարտությունն է և մեր լավագույն հրամանատարներից մեկն է, նրա ղեկավարած զորամասը լավագույնն է ճանաչվել։ Այսօր Ստեփանակերտում Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանի մասին Panorama.am-ի թղթակիցի հարցին ի պատասխան այսպես արձագանքեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Որևէ խոսք լինել չի կարող նրա պարտականությունները չկատարելու մասին։ Նա գրագետ է, բարեխիղճ և նրա աշխատանքը բանակում երևում է», հավելեց նախարարը։
Հետաքրքրվեցինք, թե խոսե՞լ է Արտակ Բուդաղյանի հետ, ի՞նչ է կարծում նախարարը, հնարավո՞ր է նա զինված հարձակում գործեր, որի համար նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Քննությամբ ես չեմ զբաղվում և քննչական մարմինն իր գնահատականը տալու է։ Որևէ մեկը չպիտի կասկածի, որ այս դեպքի հետ կապված արդարադատություն է լինելու։ Որևէ մեկը, այդ թվում զինծառայողները չեն կարող ազատվել պատասխանատվությունից։ Նա կրելու է այդ պատասխանատվությունը և այն կրելու է պատվով»։
Նա նաև ասաց, որ Արտակ Բուդաղյանը կատարված դեպքից հետո բազմիցս է հանդիպել իր հետ, խոսել են, սակայն ինչ են խոսել, այդ մասին արդեն տեղեկություն չի կարող փոխանցել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կատարվածի կապակցությամբ ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև`
Արտակ Բուդաղյանն ասել է, որ զինված հարձակում չի գործել, և ես պարտավոր եմ նրան հավատալ. Արթուր Աղաբեկյան