Սամբոյի միջազգային հուշամրցաշար` Երևանում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո օգոստոսի 2-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 2-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10.00-ին՝ «Աշխատանք» մարզապալատում /հասցե՝ Ցախի փողոց, 18/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18.00-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 4-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում