Սենսացիա. Գիտնականներին հաջողվել է տեսնել մահվան դեմքը
Մեծ Բրիտանիայի գիտնականներին հաջողվել է սենսացիոն բացահայտում անել, նրանք, կարողացել են տեսնել մահվան դեմքը. երբ օրգանիզմը մահանում է, այն անհավանականորեն լուսավորվում է: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Wellcome Trust and the Biotechnology and Biological Sciences հետազոտական խորհրդի փորձագետների փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երբ օրգանիզմը մահանում է, նրա բջիջները կապտավուն լուսավորություն են ստանում` սա հնարավոր է եղել տեսնել մանրադիտակի տակ սատկող որդին ուսումնասիրելու շնորհիվ:
«Կապտավուն այդ լույսը, մեր կարծիքով, ինքնաոչնչացման քիմիական ուղին է, որը տարածվում է օրգանիզմով մեկ»,- հայտարարել են գիտնականները: Նրանց հավաստմամբ, եթե թույլ չտրվի կապույտ այդ լույսի տարածումը, ապա հնարավոր կլինի կանխել մահը:
Գիտնականների խոսքով, որդերի ծերացման մեխանիզմները նման են մարդկայինին և հենց սա հաշվի առնելով նրանք հույս ունեն հասնել մարդկային կյանքի երկարացմանը` կենտրոնանալով բիոլոգիական գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում ծերացման և մահվան ժամանակ, որպեսզի հասկանալի լինի ինչպես կարելի է դրանք կանխել կամ դադարեցնել:
Անցյալ տարի ամերիկյան հոգեբանները ստիպեցին շատերին փոխել իրենց վերաբերմունքը մահվան հանդեպ: Միսսուրիի համալսարանի մասնագետները, մասնավորապես, ապացուցեցին, որ մահվան մասին մտքերը օգնում են բարելավել առողջությունը: Մասնավորապես, լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքում նրանք հայտնաբերեցին մահվան մասին մտածելու դրական կողմերը: