ԼՂՀ Պաշտպանության նախարար. «Օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան, բոլորն էլ կարող ենք խոցել»
«Զինադադարը հարաբերական է բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին ոչ ակտիվ պատերազմի մեջ ենք հակառակորդի հետ»,-«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ, ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով, որ հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով շարունակում է իրավիճակը լարված պահել: «Սակայն այս տարի սադրանքների թիվը նվազել է: Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Երկու հազարով կրակոցների թիվը նվազել է»,-նշել է նախարարը` շեշտելով, որ դիպուկահարների գործողություններին ի պատասխան հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել, ինչից հետո, ըստ նախարարի, հակառակորդը դեռ շոկից դուրս չի գալիս:
«Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսելու և հաղթելու: Մտահոգիչ է և մտածելու տեղիք տալիս է Ադրբեջանի սպառազինությունը, և այդ հարցում մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում»,-«Ազգ»-ի հարցին ի պատասխան ասել է Մովսիսյանը` հավելելով, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը շատ քիչ քանակությամբ տանկ ուներ, իսկ պատերազմից հետո տանկերի թիվն անցնում էր մի քանի տասնյակը:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանըՙ Մովսիսյանն ասել է, որ վերջին շրջանում ադրբեջանական դիվիզիան չորս հրամանատար է փոխել, որովհետև հայկական թռիչքների մասին տեղեկանում էին Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժներից: «Մենք անընդհատ թռչում ենք, և արգելք չկա: Մենք օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան և կարող ենք բոլորն էլ խոցել, բայց մենք դա չենք անում»:
Խոսելով բարեփոխումների մասինՙ Մովսիսյանն ասել է, որ մարտական հերթապահության նոր ձևն արդեն ուժի մեջ է. այժմ դիրքում կանգնած զինվորը հանգստանում է ոչ թե երկու, այլ չորս ժամ: Փորձը կիրառելուց հետո նախարարը ինքն իրեն անընդհատ այդ հարցն է տալիս. «Ինչու դա վաղուց չենք արել կամ ինչու մեզ չեն հուշել այդ մասին»,-նշել է նա` հավելելով, որ դրական արդյունքն ակնհայտ է, լարվածությունն առաջնագծում իջեցվել է: