Միգուցե սպառազինության մի մասը Ադրբեջանը ձեռք է բերել մեզ համար. Մովսես Հակոբյանը հիշել է Մոնթեին
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի, մասնավորապես վերջին շրջանում «Սմերչ»-ի ձեռքբերումը ու դրա հրապարակայնացումը կապում է այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների հետ, որում երրորդ անգամ նախագահ դառնալու հավակնություն ունի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի ժողովուրդը ինքնասիրություն ունեցող ժողովուրդ է, և Ադրբեջանի նախագահի ընտրությունը հեշտ չի անցնում. որոշակի լարվածություն ստեղծվելու է: Այս ամենն արված է նրա համար, որ ինչպես ներքին, այնպես էլ մեզ ու միջազգային կազմակերպությունների համար լարվածություն ստեղծի, թե ինքը պատրաստվում է գրավել Լեռնային Ղարաբաղի հենակետերը», -հուլիսի 26-ին Երևանից Ստեփանակերտ այցելած լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Ճիշտ է, նրա խոսքով, մտահոգիչ է, որ Ադրբեջանը պարբերաբար մեծացնում է սպառազինությունը, սակայն հայկական կողմը դա հաշվի է առնում, կատարում հետևություններ ու աշխատում այդ ուղղությամբ: «Միշտ մենք զիջել ենք հակառակորդին ուժերի հարաբերակցության տեսանկյունից, և մենք պատերազմի ժամանակ զիջում էինք հակառակորդին քսան անգամ: Սակայն որոշ ուղղություններով մենք ենք գերազանցում հակառակյորդին: Սա մեզ հնարավորություն է տալիս հայտարարել, որ Արցախի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դեռևս հնարավորություն ունի վերսկսել պատերազմը և պարտվել», -հայտարարեց Մովսես Հակոբյանը:
Նա հիշեց պատերազմական գործողությունների շրջանը ու ներկայացրեց տվյալներ. «Լինելով պաշտպանական շրջանի հրամանատար պատերազմի ժամանակ ես ունեի 45 տանկ, այդ ժամանակ ես նաև 24 տանկ կորցրել էի մարտի ժամանակ: Բայց ընդհանուր մեր պետության կողմից ստացել եմ ընդամենը ութ տանկ: Այսինքն այդ 61 տանկը հակառակորդի կողմից առգրավված տանկեր են: Ավոյի (Մոնթե Մելքոնյան) խոսքերն եմ ուզում հիշեցնել, ասում էր` Էլչիբեյը լավ մարդ է, մեզ լավ կզինի: Միգուցե սպառազինության մի մասը ձեռք են բերել մեզ համար»:
Այնպես չէ, որ ղարաբաղյան կողմն իր սպառազինության տեմպերով զիջում է ադրբեջանական կողմին. Մովսես Հակոբյանի խոսքով, վերջին երկու տարիներին ռազմական տեխնիկայի ու սպառազինության գծով մեծ համալրում է կատարվել, այնքան, որ այժմ «լուրջ խնդիր է» դրանք տեղավորելու հարցը: Դրա համար էլ երկու զինապահեստների հետ միասին երրորդ ու չափերով ավելի մեծ զինապահեստն է կառուցվում:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «Սմերչ»-ի վաճառքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն Մովսես Հակոբյանը չի տալիս: «Իմ գործը մեկնաբանելը չէ, իմ գործը հաշվառելն է, դնենք մարտի դաշտում իրենց տեղերը և համահունչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի արդյունավետ չկիրառեն այդ զենքերը», -նկատեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արտահայտած «ադրբեջանական տարածքներ» եզրույթին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն ասաց, որ նման բան երբեք չի կարող իրականություն դառնալ:
«Դուք լսեք միայն մեր պետական այրերին, ովքեր իրավունք ունեն այդպիսի հայտարարություն անել: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարող են որոշել Ադրբեջանի ժողովուրդը, որը որևէ կապ չունի Արցախի հետ: Արցախը Ադրբեջանի հետ որևէ կապ չունի արդեն քսան տարուց ավել», -հայտարարեց Մովսես Հակոբյանը: